Բարձր տեխնոլոգիաներ

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ

2 րոպեի ընթերցում

Digitec-ն այս տարի ավելի մեծ ու ներկայանալի է լինելու. ԱՏՁՄ նախագահ

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ամենամյա նշանակալի իրադարձություններից մեկը՝ Digitec-ն, այս տարի ունենալու է մասնակիցների ավելի մեծ ու ներկայանալի կազմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ի ասուլիսում հայտարարեց միջոցառմանն աջակցող Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Արմեն Քոչարյանը:

Անդրադառնալով իր ղեկավարած կազմակերպության կողմից Digitec-ը նախաձեռնելու պատճառներին՝ նա նշեց, որ իրենց հիմնական նպատակն ու երազանքն է Հայաստանը դարձնել աննախադեպ արժեք ստեղծող բարձրտեխնոլոգիական երկիր։

«2005 թվականին Digitec-ը ստեղծելու պահին Հայաստանն առաջին քայլերն էր կատարում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս ընթացքում հսկայական ճանապարհ ենք անցել, դարձել ենք երկիր, որը ոչ միայն օգտագործում, այլև ստեղծում է տեխնոլոգիաներ: Digitec-ն այս տարի լինելու է շատ ավելի մեծ, որովհետև արդեն ունենք համաշխարհային պահանջարկ ունեցող տեխնոլոգիաներ ստեղծող ընկերություններ։ Սա մի հարթակ է, որտեղ պետք է ցույց տանք այդ ամենը: Արդեն 21 տարի շարունակ տեսնում ենք, թե Digitec-ն ինչպես է համախմբում ամբողջ համայնքը, դառնում քննության մի հարթակ, որտեղ բոլորը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և շփման արդյունքում ձևավորում են նոր գաղափարներ, նոր բիզնեսներ, նոր համագործակցություն։ Դա է տեխնոլոգիական երկիր դառնալու մեր հիմնական ճանապարհը»,- նշեց նա:

Ըստ Արմեն Քոչարյանի՝ Digitec-ը ներկայանալու հնարավորություն է տալիս Հայաստանին․ տեխնոլոգիական մեծ ցուցահանդեսի կազմակերպումը վկայում է երկրում տեխնոլոգիական մեծ ոլորտի առկայության մասին: Իրենց նպատակն է նպաստել դրա հանրայնացման աճին:

«Այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ տեխնոլոգիական այս միջոցառումը դուրս է եկել երկրի սահմաններից և այս տարի, արդեն միջազգային ֆինանսավորմամբ, NVIDIA-ի ու Firebird-ի աջակցությամբ ավելի է մեծացել»,- ընդգծեց բանախոսը:

ԱՏՁՄ նախագահը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Digitec-ը նոր սերնդի կրթման ու պատրաստման միջոցով նպաստում է ոլորտի զարգացման անընդհատության ապահովմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում