Քաղաքականություն

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների փոխանակման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, այս պահի դրությամբ այդ տարբերակը քննարկվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Արծվաշենը հայկական հող է, սա փաստել է նաև ադրբեջանական կողմը։ Այս հարցի վերաբերյալ կողմերի միջև որևէ վեճ կամ տարաձայնություն չկա։

Մենք հստակ ֆիքսել ենք, որ Հայաստանի սուվերեն ճանաչված տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, սահմանազատման և սահմանագծման արդյունքում ոչ ավելացնելու ենք, ոչ էլ նվազեցնելու։ Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու։ Ոչ մի զիջման մասին խոսք չի կարող լինել։ Միաժամանակ նշեմ, որ Արծվաշենը տարածքով փոքր-ինչ զիջում է միասին վերցրած ադրբեջանական այն երեք անկլավներին, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ Այնպես պետք է իրականացնենք սահմանազատումը, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից շեղում չունենանք»,- ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր պատկերացումը, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։ Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել էր Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում