Միացյալ Նահանգներ

Ռուբիոն ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո հայտարարել է, որ երկիրը «համակարգված հարձակման» չի ենթարկվում

3 րոպեի ընթերցում

Ռուբիոն ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո հայտարարել է, որ երկիրը «համակարգված հարձակման» չի ենթարկվում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է համացանցում տարածված մտահոգությունները, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք տեխնոլոգիական խափանումները փոխկապակցված են։ Նա Մանիլայում լրագրողներին հայտնել է, որ դրանց միջև որևէ կապի առկայության «զրոյական ապացույց» կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Վերջին օրերին տեղի ունեցած խափանումները ներառել են ԱՄՆ-ում բոլոր չվերթերի ժամանակավոր դադարեցումը, ինչպես նաև բանկային համակարգում, Apple-ի և Microsoft-ի ծառայություններում լայնածավալ խափանումները։ Ռուբիոն ընդունել է, որ մարդիկ մտահոգված են, որ այդ իրադարձությունները կարող են փոխկապակցված լինել կամ որևէ դավադրության մաս կազմել։

«Մենք համակարգային հարձակման չենք ենթարկվում։ Այս իրադարձությունները մեկը մյուսի հետ որևէ կապ չունեն, դրանք փոխկապակցված չեն», - հայտարարել է նա։

Ռուբիոյին նաև հարցրել են՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգված է, որ հասարակության շրջանում տարածված վախերը կարող են հանգեցնել ապրանքների մասշտաբային գնումների կամ բանկերից ավանդների զանգվածային դուրսբերման։

Նա նշել է, որ նման մտավախությունների դեմ պայքարի լավագույն միջոցն այն է, որ ԱՄՆ կառավարությունը ամերիկացի ժողովրդին տրամադրի իրեն հայտնի ողջ տեղեկատվությունը։

«Մեր ունեցած բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ այս իրադարձություններից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը կամ պատճառը, որը որևէ կապ չունի կիբերհանցագործների, թշնամական ուժերի կամ մեկ այլ երկրի հետ», - հայտարարել է նա։

Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները նույնպես համաձայնել են, որ խափանումների միջև կապը հաստատող որևէ ապացույց չկա։ Նրանց գնահատմամբ՝ խնդիրների մեծ մասը պայմանավորված է հին ենթակառուցվածքների թարմացումներով։

Բոլոր տուժած ընկերություններն ու պետական գերատեսչությունները նույնպես հայտարարել են, որ խափանումները կիբերհարձակման հետևանք չեն և չեն առաջացել արտաքին միջամտության արդյունքում։

Ռուբիոյի հայտարարությունից ժամեր առաջ Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը նույնպես հայտնել էր, որ խափանումները կիբերհարձակման հետևանք չեն։ Քլեյթոնի խոսքով՝ բազմաթիվ հաստատություններ այս պահին թարմացնում կամ արդիականացնում են իրենց համակարգերը, ինչն էլ որոշակի խափանումների պատճառ է դարձել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում