Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

Երևանի Սիլիկյան թաղամասում պարեկները ձերբակալել են 27-ամյա երիտասարդի, որի մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, փամփուշտներ ու կապի միջոցներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, շրջիկ ծառայություն իրականացնող պարեկները նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող երիտասարդի։
Ոստիկանության փոխանցմամբ՝ տեսնելով պարեկներին՝ նա կասկածելի վարքագիծ է դրսևորել և փորձել փախուստի դիմել։ Պարեկները հետապնդել ու բռնել են նրան, իսկ զննությամբ նրա մոտ ինքնաձիգ է հայտնաբերվել։
Ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։
«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ»,- նշված է հաղորդագրությունում։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։