Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան
1 րոպեի ընթերցում

Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն՝ ընդգծելով, որ ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության։
«Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։
Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության»,- գրել է նա։