Երևանում կայացավ կոգնիտիվ անվտանգության և դիմակայունության ամրապնդման հարցերին նվիրված միջոցառում
7 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ «Հայաստանում կոգնիտիվ անվտանգության և կոգնիտիվ դիմակայունության ամրապնդում» ծրագրի միջոցառումը, որն ուղղված է Հայաստանի կոգնիտիվ անվտանգության մարտահրավերների շուրջ իրազեկվածության բարձրացմանը, առկա սպառնալիքների ընկալմանն ու դրանց արձագանքման կարողությունների զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման կազմակերպիչ, Երևանի արտաքին և անվտանգության քաղաքականության կենտրոնի տնօրեն Սոսե Թաթիկյանը նշեց, որ կոգնիտիվ անվտանգությունն ազգային անվտանգության և ժողովրդավարական դիմակայունության բաղադրիչ է, որը ենթադրում է հասարակության ինքնուրույն և քննադատական մտածողության, ընկալումների, վստահության, պետական որոշումների կայացման ու հանրային քննարկումների պաշտպանություն մանիպուլյատիվ ազդեցություններից։

«Հայաստանի կոգնիտիվ անվտանգության միջավայրը ձևավորվել է վերջին տարիների անվտանգային ճգնաժամերի, քաղաքական ու հասարակական վերափոխումների պայմաններում։ «Իրական Հայաստան» հայեցակարգի շրջանակում վերանայվում են նախկինում գերիշխող ազգային նարատիվները և ձևավորվում նորերը։ Հին ու նոր նարատիվների բախումը հասարակական տարաձայնությունների և կոգնիտիվ խոցելիությունների աղբյուր է դառնում։ Զուգահեռաբար Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը՝ ամրապնդելով ինքնիշխանությունն ու ռազմավարական ինքնուրույնությունը։ Այդ գործընթացները փոխազդում են արտաքին կոգնիտիվ ազդեցությունների հետ»,- ասաց Թաթիկյանը։
Նա հավելեց, որ Հայաստանը հատկապես խոցելի է տարբեր կարգի հիբրիդային սպառնալիքների հանդեպ, ուստի պատահական չէ, որ Հայաստանում նույնիսկ գործում է Եվրամիության հատուկ առաքելություն՝ հիբրիդային պատերազմների ռիսկերին դիմակայելու համար։
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ռազմավարական խորհրդատվական ստորաբաժանման ղեկավար Լիզա Պաստը նշեց, որ Հայաստանը, բախվում է նույն մարտահրավերներին, ինչպես մյուս բոլոր, այդ թվում նաև եվրոպական երկրները։

«Մենք տեսնում ենք տարաբնույթ հիբրիդային գործիքների կիրառումն այս շատ հպարտ և տոկուն ազգի դեմ։ Հենց դա է պատճառը, որ մենք այստեղ ենք՝ ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի օգնենք հակազդել հիբրիդային հարձակումներին։ Մենք քաղաքացիական խորհրդատվական առաքելություն ենք, ինչը նշանակում է, որ աշխատում ենք Հայաստանի իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ տրամադրելու խորհրդատվություն, գուցե նաև՝ կրթական աջակցություն, ինչպես նաև ներկայացնելու եվրոպական փորձը՝ կապված այն հարցի հետ, թե ինչպես դիմակայել հիբրիդային հարձակումներին, որոնք ուղղված են մարդկանց կենսակերպի և հասարակության ինքնակառավարման դեմ»,- նշեց Պաստը։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի ամենակարևոր հենասյունը դիմակայունությունն է։

«Հիբրիդային ու տեղեկատվական հարձակումների առումով ինքնս էլ երբեմն զգում եմ, որ ինչ-որ ազդեցության զոհ եմ դառնում։ Իրականում որևէ մեկը դրանից պաշտպանված չէ, ինչը վկայում է այն մասին, որ պետությունն այստեղ անելիք ունի։ Երբ համապատասխան վերլուծական կենտրոնները, քաղհասարակության կառույցներն ու պետական մարմինները համագործակցում են, արդյունքում լինում են դիմակայունությանն ուղղված արդյունավետ քայլեր։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետական համակարգը նույնիսկ իր ամբողջ լիազորություններով ու իրավասություններով հանդերձ՝ բավարար ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա առկա խնդիրները միայնակ լուծել»,- ասաց Գաբրիելյանը։
Նա կարևորեց ճգնաժամային իրավիճակներում պարզ, հստակ ու մատչելի ռազմավարության կիրառելիությունը, ինչը ցույց է տալիս, թե ինչպես է պետությունն աշխատում իր մասնավոր սեկտորի ու հասարակության հետ։ Նրա համոզմամբ՝ մեր հանրությունն այսօր ունի գիտակցական բարձր մակարդակ և ընկալում, որ խնդիրների լուծումը միանշանակ համագործակցության մեջ է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է անվտանգային խնդիրներին, և այդ առումով քաղաքական հայացքները, քաղաքական հակադրությունները չպետք է որևէ ազդեցություն ունենան։ Ըստ նրա՝ հիմնական սպառնալիքները որքան էլ լինեն ներքին տիրույթում, այդուհանդերձ գալիս են արտաքին միջավայրից։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը նշեց, որ վերջին տարիներին քաղհասարակության կառույցների կուտակած փորձն արժեքավոր է, հետևաբար պետք է ամրագրվի նաև ակադեմիական աշխատանքով։

«Մեր կառույցը տարիներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային ու տեղեկատվական հարձակումների հայտնաբերման ու հակազդման աշխատանքներում։ Այդ առումով կարելի է հետաքրքիր զուգահեռ անցկացնել 2021 և 2026 թվականների խորհրդարանական ընտրությունների միջև։ 2021 թվականին իրավիճակը չափազանց վատ էր, հասարակությունն ավելի խոցելի էր, պատերազմի վերքերը թարմ էին, ուստի տեղեկատվական հարձակումները կրում էին ինտենսիվ բնույթ։ Բայց 2026 թվականի ընտրությունների ժամանակ պետական համակարգն արդեն ուներ հակազդման որոշակի փորձառություն։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ ներդնել պետական համակարգում, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության մոդելում, որպեսզի հնարավոր լինի համատեղ ուժերով դիմակայել հիբրիդային ու տեղեկատվական հարձակումներին»,- ասաց Ծառուկյանը։
Նա հավելեց, որ նախկինի համեմատ՝ 2026 թվականին վերոհիշյալ հարձակումների քանակը զգալիորեն նվազել է, ինչը պայմանավորված է երեք գործոնով՝ հասարակության մեդիագրագիտությամբ, փաստերի ստուգման հարթակների աշխատանքով և մարտահրավերների դեմ պետական կառույցների համեմատաբար պատրաստ լինելու հանգամանքով։ Ըստ նրա՝ նշված երեք գործոնները հնարավորություն ընձեռեցին զգալիորեն կանխել հիբրիդային ու տեղեկատվական հարձակումների ներթափանցումը Հայաստան։