Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական բանականությունը» (ԱԲ – Artificial Intelligence) վերանվանվում է «գերբանականություն» (Super Intelligence)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը սեպտեմբերի 29-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում նշված է, որ «դաշնային կառավարության կողմից օգտագործվող տերմինաբանությունը պետք է արտացոլի այդ տեխնոլոգիաների փոխակերպող հնարավորությունները և այն անսահման հնարավորությունները, որ դրանք բացում են ամերիկյան ժողովրդի առաջ»։
«Այս առնչությամբ «գերբանականություն» տերմինն առավել ստույգ է արտացոլում այդ տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժը և սրընթաց զարգացող հնարավորությունները», - ասված է Թրամփի հրամանագրում։
Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ գերատեսչություններին և կառավարական մյուս կառույցներին հրահանգված է, «որքանով թույլատրված է օրենքով», «արհեստական բանականության» փոխարեն գործածել «գերբանականություն» տերմինը պաշտոնական գրագրության, հրապարակային հաղորդագրությունների մեջ, կայքերում, զեկույցներում և այլ փաստաթղթերում, որոնք օրենսդրական ակտեր չեն։ Ընդ որում, հրամանագիրը չի պահանջում փոփոխություններ կատարել այն նորմատիվ ակտերում, որոնք արդեն բովանդակում են ԱԲ տերմինը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ «անհաջող և ոչ ճշգրիտ» է համարում «արհեստական բանականություն» անվանումը։ ԱՄՆ ղեկավարի կարծիքով՝ այդ մշակումներն անհրաժեշտ է անվանել «գերբանականություն»։
Սեպտեմբերի 29-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է նաև ԱԲ առաջատար ընկերությունների ղեկավարներին, որոնք համաձայնագիր են ստորագրել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ։