Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA
3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Արհեստական բանականությանը (ԱԲ) պետք է մոտենալ ոչ թե վախով կամ անսահման հիացմունքով, այլ այն գիտակցմամբ, որ ցանկացած տեխնոլոգիայի օգտակարությունը որոշվում է հասարակությանը բերած օգուտներով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին «Կառուցում արհեստական բանականության միջոցով. կամպուսից մինչև խելացի քաղաք» խորագրով ազգային ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան։
Ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 1-ին Ճարտարապետության, շինարարության և գեոդեզիայի համալսարանում (UACEG)։
Միջոցառումը միավորել է կենտրոնական կառավարության, տեղական իշխանությունների, եվրոպական հաստատությունների, բիզնեսի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ԱԲ-ի կիրառությունները քաղաքաշինության, շինարարության և ենթակառուցվածքների մեջ, ինչպես նաև դրա կարգավորման և պատասխանատու օգտագործմանն առնչվող մարտահրավերները։
Յոտովան ընդգծել է, որ հասարակությունը կերտվում է մարդկանց կողմից, մինչդեռ տեխնոլոգիաները նրանց կողմից օգտագործվող գործիքներ են։ Նրա խոսքով՝ այսօրվա ուսանողները միաժամանակ ապրելու են թե՛ ֆիզիկական, թե՛ թվային աշխարհներում։ Նա նաև ընդգծել է, որ նրանց մարտահրավերը լինելու է ոչ թե այդ երկուսի միջև ընտրություն կատարելը, այլ դրանք այնպես կապակցելը, որ տեխնոլոգիական առաջընթացը հանգեցնի ավելի լավ միջավայրի և կյանքի ավելի բարձր որակի։
«Արհեստական բանականության դարաշրջանում մարդկանց կարևորությունը մեծանում է, քանի որ լավն ու վատը տարբերակելու և պատասխանների որակը գնահատելու կարողությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում», - նշել է նախագահը։ Նա համալսարանների համար առանցքային խնդիր է համարել քննադատական մտածողությամբ օժտված այնպիսի մասնագետների կրթումը, որոնք ունակ են խելամտորեն օգտագործելու նոր տեխնոլոգիաները։
«Խելացի քաղաքը չպետք է ինքնանպատակ դառնա», - ասել է նա՝ հավելելով, որ այն չպետք է գնահատվի սենսորների, տեսախցիկների և ալգորիթմների քանակով, այլ նրանով, թե որքանով են տեխնոլոգիաները լուծում քաղաքային միջավայրում առկա խնդիրները և բարելավում կյանքի որակը։
Ըստ Յոտովայի՝ մեկ այլ կարևոր հարց է, թե արդյոք հասարակությունը կարող է հաղթահարել նման լայնածավալ վերափոխումը։ Այս համատեքստում նա նշել է, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները, չնայած իրենց մրցակցությանը, համագործակցության ուղի են բացում։
Նախագահը մասնակիցներին հորդորել է սահմանել Բուլղարիայի տեղը գլոբալ գործընթացներում և ընդգծել երկրի այն առավելությունները, որոնք կարող են նրան դասել ապագա առաջատարների շարքին՝ թե՛ տեխնոլոգիական զարգացման, թե՛ մարդկանց բարօրությանն ուղղված տեխնոլոգիաների կիրառման առումով։