ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ և պարտավորեցրել է երկրին միջոցներ ձեռնարկել՝ տուժածներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Սա դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պետությունը պատասխանատվության է ենթարկվում ցեղասպանություն կատարելու համար։
Հաագայում նախագահող դատավոր Յուջի Իվասավան հայտարարել է, որ Մյանմարը ցեղասպանություն է իրականացրել Ռախայն նահանգի հյուսիսում բնակվող ռոհինջա ժողովրդի նկատմամբ՝ դրանով իսկ խախտելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։
Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. 15 դատավորներից ինը պաշտպանել են եզրահանգումը, իսկ վեցը՝ դեմ արտահայտվել։
Դատարանը նաև Մյանմարին պատասխանատու է ճանաչել միջազգային իրավունքի մի շարք այլ խախտումների համար։ Համաձայն վճռի՝ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի փոխհատուցում տրամադրելու, փախստականների վերադարձը հեշտացնելու, բաժանված ընտանիքները վերամիավորելու, ինչպես նաև հանցագործությունների մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Որոշումը վերաբերում է 2017 թվականի իրադարձություններին, երբ Մյանմարի զինված ուժերը Ռախայն նահանգում ռոհինջա ժողովրդի դեմ սկսեցին այսպես կոչված «մաքրման գործողություններ»՝ ի պատասխան «Փրկության բանակի» զինյալների կողմից ոստիկանական և ռազմական հենակետերի վրա իրականացված հարձակումների։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 700 000 մարդ ստիպված է եղել փախչել հարևան Բանգլադեշ։ Նրանց մեծ մասը մինչ օրս բնակվում է փախստականների ճամբարներում։