Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-43/26. Այրա, Պետրոսյան, Պետրոսյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-43/26. Այրա, Պետրոսյան, Պետրոսյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Թարգմանական գրականություն

Սեսար Այրա, «Դրվագ ճանապարհորդ նկարչի կյանքից: Ընթրիք» 

Գիրքն ընդգրկում է Սեսար Այրայի գործերից երկուսը: «Դրված ճանապարհորդ նկարչի կյանքից» վիպակը (2000) պատմում է հաբսբուրգյան նկարիչների փառահեղ ընտանիքի ժառանգ, XIX դարի առաջին կեսին Լատինական Ամերիկա այցելած օտարերկրյա նկարիչներից ամենահետաքրքիր դեմքի՝ Յոհան Մորից Ռուգենդասի (1802-1858) մասին, երբ պամպաներով ճանապարհորդելու ընթացքում նկարչի հետ կատարված դժբախտ դեպքն ամբողջովին փոխում է նրա կյանքը, մարմինը, աշխարհայացքը և գեղագիտությունը: Իսկ «Ընթրիք» վիպակում (2006) համատեղվում են սարսափն ու կատակերգությունը, գրականությունն ու հեռուստատեսությունը, կինոն ու ֆանտաստիկան: Մի ձախողակ տղամարդ մոր հետ ընկերոջ հարկի տակ ընթրելուց հետո վերադառնում է տուն և սկսում հեռուստացույց նայել: Ֆանտաստիկ պատմությունը ծավալվում է էկրանին՝ հեղինակի հայրենի քաղաք Պրինգլեսի հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ, որտեղ քաղաքը հեղեղվել է գերեզմանոցից փախած ագրեսիվ մեռելներով: Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։  Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: 

Մանկապատանեկան գրականություն

Երվանդ Պետրոսյան, «Մի օր անտառի բացատում»

Հայտնի հայ մանկագիր Երվանդ Պետրոսյանի «Մի օր անտառի բացատում» ժողովածուն հեքիաթների և բանաստեղծությունների մի առինքնող աշխարհ է, որով հեղինակը բացահայտում է կյանքի մեծագույն արժեքները՝ բարությունը, ընկերասիրությունը, անրջելու կարողությունը:

Գրքում զետեղված ստեղծագործությունները հյուսված են նուրբ հումորով ու խորին իմաստնությամբ։ Ընթերցողը հերոսների միջոցով ոչ միայն կծանոթանա կենդանական աշխարհի գաղտնիքներին ու նրանց վարքին, այլև կստիպի աշխարհին նայել ու զգալ «հոգու և սրտի աչքերով»: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 

Նոն ֆիքշն գրականություն 

Վարդան Պետրոսյան, Նամակներ Փարիզից. 1992–2004

Նամակների այս ժողովածուն անկեղծ ու կենդանի խոսքով ներկայացնում է Վարդան Պետրոսյանի կյանքի տասներկու տարիները՝ միաժամանակ երևակելով մեր ժողովրդի պատմության դժվարին մի շրջանի ուշագրավ պատկերը՝ անկումներով ու վերելքներով, հուսահատությամբ, բայց և ապագայի հանդեպ չմարող հավատով։ Այս էջերում ընթերցողը կհանդիպի ստեղծագործող, դժվարությունների առջև չընկրկող և պայքարող հայ մարդուն, որ հայրենիքից հեռու շարունակում է ապրել իր երկրի հոգսերով, ստեղծագործական որոնումներով ու սպասումներով ։ Միաժամանակ այս նամակները հնարավորություն են՝ ներթափանցելու Փարիզի արվեստային և բոհեմական միջավայր, հանդիպելու համաշխարհային մշակույթի ու արվեստի ճանաչված դեմքերի, որոնց հետ հեղինակը շփվել, համագործակցել և ստեղծագործական ճանապարհ է անցել։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում