Նոր գիրք

«Նոր գիրք»-38/26. Սալնիկով, Բաքման, Թադևոսյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-38/26. Սալնիկով, Բաքման, Թադևոսյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Թարգմանական գրականություն

Ալեքսեյ Սալնիկով, «Պետրովները գրիպի ծոցում և դրա շուրջը» 

Ավտոփականագործ Պետրովի կյանքը ոչ միայն դուրս Է գալիս սովորական հունից, այլև լիովին տակնուվրա լինում, երբ նա, ապա և կինն ու փոքրահասակ որդին, հիվանդանում են գրիպով: Պետրովի հետ սկսվում են արտառոց բաներ կատարվել, առօրյա իրականությունն ու գրիպի հարուցած զգայախաբկանքներն արդեն դժվար Է իրարից տարբերել: Այսկերպ վեպում մոդեռնիստական ավանդույթով ռեալիստական պատումը համադրվում Է խորին առասպելաբանական պլանի հետ:

Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալլաքյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ֆրեդրիկ Բաքման, «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին» 

Այս գիրքը նամակ է որդուն և խոստովանություն է․ հեղինակը գրում է հայր լինելու դժվարությունների մասին։ Նա զննում է կյանքի կարևոր ու զարմանալիորեն պարզ ճշմարտությունները՝ ընկերություն, սեր, ամոթ, խոսում է մեծանալու և սեփական ճանապարհը գտնելու մասին։ Նա չի փորձում լինել կատարյալ հայր։ Հակառակն, ընդունում է իր թերությունները, խոստովանում ձախողումները և հիշեցնում, որ հենց անկատարությունն է մարդուն դարձնում իրական։ Սրտաբաց հումորով և ինքնաքննադատական անկեղծությամբ պատմում է, թե ինչպես է սիրահարվել մի կնոջ, որն իր լիակատար հակապատկերն է, և ինչպես է սովորել ապրել՝ անվերապահորեն սիրելի մարդկանց շուրջը կառուցելով իր աշխարհը։ Անքուն գիշերների և բերկրանքի պահերի մասին ջերմ ու անկեղծ պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ սիրել են, արագ են հասունացել կամ պարզապես փորձում են այս աշխարհը մի փոքր ավելի լավ հասկանալ։

Թարգմանիչ՝ Անուշ Մուրադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 Նոն ֆիքշն գրականություն

Արա Թադևոսյան, «Բաղրամյանով վերև-ներքև»

Արա Թադևոսյանն ամբողջ կյանքն ապրում է Բաղրամյան պողոտայում: Հեղինակն իր մանկական և պատանեկան հիշողությունները լրացնում է պատմություններով, որոնք սկիզբ են առնում Բաղրամյան պողոտայում, բայց դուրս են գալիս Երևանի, երբեմն էլ՝ Հայաստանի սահմաններից։

Այդպես գիրքը յուրահատուկ խճանկար է դառնում Երևանի, կյանքի ու ժամանակի մասին։ Գրքում նաև հետաքրքիր դրվագներ կան հեղինակի լրագրողական գործունեության տարբեր ժամանակաշրջաններից, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են Բաղրամյան պողոտայի հետ։

Գիրքը լույս է ընծայել «Մեդիամաքս մեդիա քոմփանի»-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում