«Նոր գիրք»-44/26. Էդոյան, Մոնթգոմերի, Խաչատրյան
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Հենրիկ Էդոյան, «Շեմից այն կողմ»

Ժողովածուն միավորում է Հենրիկ Էդոյանի վերջին տարիների բանաստեղծությունները, որոնց առանցքում ժամանակի, հիշողության, գոյության և հավերժության փոխհարաբերություններն են։ Աստվածաշնչյան, մշակութային և փիլիսոփայական հղումները, խորհրդանշական պատկերներն ու խտացված բանաստեղծական լեզուն ձևավորում են մի աշխարհ, որտեղ անձնական փորձառությունը բացվում է մշակութային հիշողության, հոգևոր որոնումների և գոյաբանական հարցադրումների լայն համատեքստում։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Թարգմանական գրականություն
Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Կապույտ ամրոցը»

Վեպի հերոսուհին՝ Վալենսի Սթըրլինգը, 29 տարեկան է: Նա երբեք ամուսնացած կամ սիրահարված չի եղել և երբևէ ամուսնության առաջարկ չի ստացել: Ապրելով իր ճնշող մոր և անտարբեր ազգականների ստվերում՝ նա մխիթարություն է գտնում Ջոն Ֆոսթերի «արգելված» գրքերում և Կապույտ ամրոցի մասին երազանքներում՝ մտածելով, որ այնտեղ կիրականանան իր բոլոր ցանկությունները, և կկարողանա վերագտնել ինքն իրեն:
Բժշկից ցնցող լուրեր ստանալուց հետո Վալենսին ապստամբում է ընտանիքի կանոնների դեմ և հայտնաբերում մի նոր ու հրաշալի աշխարհ՝ լի սիրով և արկածներով, մի աշխարհ, որը գերազանցում էր նրա երազանքները: Թարգմանիչ՝ Մանե Դարբինյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Նոն ֆիքշն գրականություն
Արամ Խաչատրյան, «Էպոս և Փսիխե: «Սասնա ծռեր»-ի խորքային հոգեբանությունը»

Սույն աշխատությունում հեղինակը յունգյան վերլուծական հոգեբանության դիտանկյունից հայ դյուցազնավեպի հետ առնչության նոր մոտեցում է ձեռնարկում՝ քննելով այն որպես ինդիվիդուացիայի հարուստ սիմվոլներ կրող բովանդակություն և առաջարկելով «Սասնա ծռեր» էպոսի խորքային հոգեբանական ընթերցման նոր հնարավորություն:
Նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների, հոգեբանությամբ և ազգագրությամբ, ինքնաճանաչման տեսությամբ և պրակտիկայով հետաքրքրվողների համար։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: