Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

11 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր».  «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։

Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երկրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» երրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:

Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը չորրորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։

Հրաչյա Մանուկյանի «Փոխիր կյանքդ» գիրքը հինգերորդ տեղում է։ Այս գիրքը հաջողության, նպատակասլացության, ինքնազարգացման, ֆինանսական ազատության, մարդկային մտածելակերպի և փոխհարաբերությունների մասին է: Հեղինակը պատմում է, թե ինչ պետք է անել նպատակներին հասնելու, անվերջ ինքնակատարելագործվելու, կյանքում առաջ շարժվելու և երջանիկ լինելու համար: Գիրքը գրված է Հայաստանի պայմաններում և հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա: Այն նախատեսված է երկու տեսակի մարդկանց համար. նրանց, ովքեր կյանքում որոշ չափով կայացել են, ապրում են բոլորի պես, բայց հասկանում են, որ իրենց կյանքում պետք է ինչ-որ բան փոխել, և նրանց, ովքեր դեռ որոնումների մեջ են և դեռ չեն գտել իրենց տեղը կյանքում:

Վեցերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:

Յոթերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Ալեսանդրո Ալչատոյի և Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքը ութերորդ տեղում է։ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտեր-ին» և անմիջապես դարձել «ներաձուրիների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։

Շունմյո Մասունոյի «Պարզ ապրելու արվեստը» իններորդ տեղում է։ Այս գիրքը հայտնի ճապոնական զեն-բուդդիստ վանական և այգիների դիզայներ Շունմյո Մասունոյի իմաստության հավաքածուն է: Հեղինակը ներկայացնում է 100 կարճ և գործնական խորհուրդներ՝ օգնելու ընթերցողին գտնել ներքին հանգստությունն ու հավասարակշռությունը ժամանակակից աղմկոտ աշխարհում: Գիրքը սովորեցնում է ձերբազատվել ավելորդ մտքերից ու իրերից, կենտրոնանալ ներկա պահի վրա և գտնել գեղեցկությունը առօրյա փոքրիկ երևույթների մեջ: Սա ուղեցույց է նրանց համար, ովքեր ձգտում են պարզեցնել իրենց կյանքը և հասնել հոգեկան ներդաշնակության:

Լուիզա Հեյի «Աշխատանք հայելու հետ» գիրքը տասներորդ տեղում է։ Այս գիրքը կօգնի բարելավել ձեր կյանքի որակը և հասնել ներքին ներդաշնակության։ 21 օրվա ընթացքում, գործնական, վարժությունների և աֆֆիրմացիաների միջոցով, դուք կսովորեք՝ զարգացնել ձեր ստեղծագործական ներուժը,  հաղթահարել դիմադրությունը՝ դրական փոփոխությունների նկատմամբ, ազատվել անառողջ ինքնաքննադատությունից, բարձրացնել ինքնագնահատականը, նորովի ինքնաարժևորել և ընդունել ձեր անձը,  ձեռք բերել ինքնավստահություն, սիրել և խնամքով վերաբերվել ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց, ձերբազատվել սթրեսի մշակման զգացումից, անհիմն վախերից և զայրույթից,  ներել հին վիրավորանքները և առաջ շարժվել։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+3

Ջո Նավարոյի

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի164
2-1

Հեկտոր Գարսիա,

 Ֆրանսեսկ Միրալես,

«Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի134
30

Ռոբերտ Գրին,

 «Իշխանության 48 օրենքները»

Դավինչի103
4+4

Ջո Դիսպենզա,

 «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը»

Բուկինիստ85
5+1

Հրաչյա Մանուկյան,

 «Փոխիր կյանքդ»

հեղ հրատ51
6-4

Դեյլ Քառնեգի,

 «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

հեղ հրատ49
7*

Էկհարթ Թոլլ,

 «Ներկայի ուժը»

Դավինչի45
8*

Ալեսանդրո Ալչատո, Հենրիխ Մխիթարյան,

 «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»

Newmag43
9-4

Շունմյո Մասունո,

 «Պարզ ապրելու արվեստը»

Դավինչի40
10*

Լուիզա Հեյ,

 «Աշխատանք հայելու հետ»

Դավինչի36
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում