Հատուկ նախագծեր

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

9 րոպեի ընթերցում

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Բռնցքամարտի Բելգիայի չեմպիոն, WBC International-ի չեմպիոն, EBU-ի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Ալեքս Միսկիրթչյանն իր կյանքի մեծ մասը կառուցել է բելգիական և միջազգային ռինգերում։ Սակայն տիտղոսների և մենամարտերի հետևում մի պատմություն կա, որը շատ ավելի մեծ ու խորքային է, քան սպորտը․ 16 տարեկանում Վրաստանից Բելգիա ժամանած մի երիտասարդ հայի պատմություն, որը ֆրանսերեն ոչ մի բառ չգիտեր և նոր երկրում պետք է գտներ իր տեղն ու ճանապարհը։

Թբիլիսիի հայկական ընտանիքում ծնված Ալեքսը 2000 թվականի նոյեմբերին փոքր եղբոր և մոր հետ ժամանում է Բելգիա։ Որպես քաղաքական փախստական՝ նա հայտնվում է մի հասարակության մեջ, որի լեզուն և կանոնները չգիտեր։ Մի քանի տարի անց նա դառնալու էր իր սերնդի ամենաճանաչված բռնցքամարտիկներից մեկը։

Այսօր, երբ նա արդեն հեռացել է պրոֆեսիոնալ ռինգից, շարունակում է իր փորձը փոխանցել սեփական բռնցքամարտի մարզադահլիճում։ Ալեքսը հետադարձ հայացք է նետում իր անցած ճանապարհին, հայկական արմատներին, ընտանիքից ժառանգած արժեքներին և այն դասերին, որոնք սպորտը տվել է իրեն կյանքի մասին։

«Ես ընդհանրապես ֆրանսերեն չէի խոսում։ Նույնիսկ չգիտեի՝ ինչպես ասել «բարև»։ Բայց այսօր ես ձեզ հետ զրուցում եմ»,– ասում է նա ժպիտով։

Վրաստանից մինչև Բելգիա, փախստականի կարգավիճակից մինչև բռնցքամարտի ամենամեծ ռինգեր. նրա ճանապարհը, ի վերջո, մեկ բան է պատմում․ առաջ գնալ՝ երբեք չմոռանալով, թե որտեղից ես եկել։

Այսօր, երբ Ալեքս Միսկիրթչյանը պատմում է իր՝ Բելգիա ժամանման մասին, երկար չի կանգ առնում դժվարությունների վրա։

«Ես սիրում եմ փոփոխությունները։ Ես առաջ գնացող մարդ եմ, սիրում եմ ռիսկի դիմել»,– ասում է նա։ Մի նախադասություն, որը, գուցե, լավագույնս ամփոփում է նրա անցած ճանապարհի մեծ մասը։

Քաղաքական փախստականի կարգավիճակով ապաստան հայցողների կենտրոնում հայտնված վրացահայ երիտասարդը պետք է իր տեղը գտներ մի հասարակության մեջ, որի լեզվին և կանոններին չէր տիրապետում։ Այդ տեղը նա, ի թիվս այլ բաների, գտավ բռնցքամարտի մեջ։

Սակայն բռնցքամարտը նրա կյանքում պատահականորեն չէր հայտնվել։ Նրա պապը նույնպես զբաղվել էր բռնցքամարտով։ Իսկ Թբիլիսիի այն թաղամասում, որտեղ նա մեծացել էր, կողք կողքի ապրում էին հայեր, վրացիներ, թուրքեր, ադրբեջանցիներ և հրեաներ։

Նա վաղ տարիքից սովորեց պաշտպանել իրեն, առաջ գնալ և թույլ չտալ, որ իրեն ճնշեն։

«Մեզ մոտ 8-9 տարեկանում արդեն փողոցում էիր, և պետք է կարողանայիր ինքդ քեզ պաշտպանել»,– պատմում է նա իրեն բնորոշ անմիջականությամբ։

Ալեքսը չի ասում, որ հայկական ինքնությունը երբևէ հայտնաբերել է իր կյանքի որևէ կոնկրետ պահին։ Այն իր մեջ եղել է դեռ այն ժամանակ, երբ դրա մասին խոսելու կարիք անգամ չի ունեցել։

«Հայրս հայ է, մայրս՝ հայ։ Դա իմ մեջ դրոշված էր»։

Նրա մանկության տարիներին հայ լինելը պարտադիր չէ, որ ընտանիքում երկար քննարկումների թեմա լիներ։ Այն պարզապես ինքնին հասկանալի էր՝ մի բան, որն իր էության մասն էր։ Մայրը նրան առաջին հերթին փոխանցել է արժեքներ՝ տղամարդ լինել, հարգել ուրիշներին և երբեք թույլ չտալ, որ իրեն ստորացնեն կամ ճնշեն։

Այդ արժեքներն այսօր նա ցանկանում է փոխանցել նաև իր երեխաներին։

«Որպեսզի քեզ հարգեն, նախ դու պետք է հարգես»,– ասում է նա։

Ալեքսի համար հայկական ինքնությունը միայն ծագում կամ ազգանուն չէ։ Այն իր մեջ ներառում է նաև վարքագիծ, մտածելակերպ և ներքին ուժ, այն, ինչ նա անվանում է «կովկասյան մտածելակերպ»։

«Երբ ինչ-որ բան որոշում եմ, վերջ՝ անում եմ»,– ժպտալով ասում է նա։ Իր ինքնության մասին խոսում է գրեթե առանց ձևականությունների։

«Դա արյունն է, հայի տաք արյունը»։ Բայց այս պարզ արտահայտության հետևում ավելի խոր համոզմունք կա՝ այն, որ ծնողներից ստացած ինչ-որ բան մինչ օրս շարունակում է ապրել իր մեջ։

Ռինգում Ալեքսը պաշտոնապես ներկայացնում էր Բելգիան։ Սակայն երբեք չի զգացել, որ պետք է ընտրություն կատարի իր երկու պատկանելությունների միջև։

«Ես Բելգիայի դրոշի տակ էի, բայց նաև հայկական դրոշի։ Հայ համայնքն ինձ շատ մեծ աջակցություն էր ցուցաբերում։ Ուր էլ գնում էի, ինձ տանն էի զգում»։

Հենց այստեղ է, թերևս, նրա պատմությունը ստանում իր ամբողջական իմաստը։ Դեռահաս տարիքում անծանոթ երկիր ժամանած երիտասարդը աստիճանաբար դառնում է բելգիական բռնցքամարտի ճանաչված դեմքերից մեկը՝ հասնելով միջազգային ամենաբարձր մակարդակին։ Սակայն մարզիկի հետևում մնում է այն մարդը, որը երբեք չի մոռացել, թե որտեղից է եկել։ Եվ երբ նա պարզապես ասում է «հայ», լավ գիտի, թե այդ բառը ինչ է նշանակում իր համար։ «Սիրտդ ջերմանում է»։

Ալեքսի համար բռնցքամարտը երբեք միայն հարվածների, հաղթանակների կամ տիտղոսների մասին չի եղել։

«Եթե սպորտը չլիներ, չգիտեմ՝ ինչ ճանապարհով կգնայի»,– խոստովանում է նա։

16 տարեկանում Բելգիա տեղափոխվելով՝ նա համեմատաբար ուշ էր հայտնվել երկրի կրթական համակարգում և պետք է իր համար մեկ այլ ճանապարհ գտներ։ Բռնցքամարտը դարձավ նրա փրկությունը, բայց նաև՝ նրա դպրոցը։

«Բռնցքամարտն ինձ դարձրեց այն մարդը, որ այսօր կամ։ Ստեղծեց այն բոլոր կապերը, որոնք ունեմ ընկերներիս հետ»։

Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ ռինգը իրեն շատ ավելին էր սովորեցրել, քան պարզապես տեխնիկա։

«Բռնցքամարտը կյանքի կարգապահություն է։ Մարդիկ պետք է հասկանան, որ բռնցքամարտը կռվելու սպորտ չէ, այլ արվեստ է, կարգապահություն, սեր, մեծ հարգանք և մտածելու կարողություն…»։

32 տարեկանում նա ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան։ Սակայն բռնցքամարտից չհեռացավ։ Արդեն 16 տարի է՝ նա ունի սեփական մարզադահլիճը։ Այսօր այնտեղ փոխանցում է այն ամենը, ինչ իրեն սովորեցրել է ռինգը։

Երբ նրան հարցնում են, թե ինչ կցանկանար ասել այսօր Բելգիայում մեծացող հայ երիտասարդներին, նրա պատասխանը ուղիղ է։

«Թող չմոռանան, թե որտեղից են գալիս»։

Սակայն Ալեքսը նաև դեմ է ինքնությունը անցյալում փակված պահելու գաղափարին։ Նրա համար սեփական արմատները պահպանելն ու այն երկրին ինտեգրվելը, որտեղ ապրում ես, իրար հակասող բաներ չեն։

«Կա մշակույթը սովորելը և կա մշակույթին հարմարվելը։ Չմոռանաք, թե ով եք, բայց հարմարվեք երկրին»։ Նա խոսում է իրեն բնորոշ անմիջականությամբ, երբեմն՝ կտրուկ, բայց ուղերձը հստակ է․ ինքնությունը պահպանելը չի նշանակում հրաժարվել այն աշխարհից, որը շրջապատում է քեզ։ Մնալ այնպիսին, ինչպիսին կաս, բայց շարունակել առաջ շարժվել։

Այսօր Ալեքսն այլևս չի խոսում երազանքների մասին այնպես, ինչպես, գուցե, նախկինում։

«Ես արդեն երազել եմ։ Այլևս երազանք չունեմ։ Ես առաջ եմ գնում և վերջ»։

Այս փոքր-ինչ սուր ձևակերպման հետևում մի կյանք է, որն արդեն շատ է փոխվել։ Նա հայր է։ Ունի երեք երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Իր ընտանիքի մասին խոսում է նույն պարզությամբ, որով խոսում է բռնցքամարտի կամ իր արմատների մասին։

«Միշտ երջանիկ, պարզ»։

Թերևս, հենց այս պարզությունն է ամենալավը բնորոշում նրա անցած ճանապարհը։16 տարեկանում Թբիլիսիից ժամանած մի տղա՝ առանց լեզվի իմացության, առանց հստակ պատկերացնելու, թե ինչ է իրեն սպասում, և առանց իմանալու, թե Բելգիան ինչ է իրեն առաջարկելու։

Թբիլիսիի երիտասարդ հայը սպորտի մեջ գտավ իր տեղը։ Բռնցքամարտիկը Բելգիայի դրոշը բարձրացրեց ռինգում՝ միաժամանակ խորապես կապված մնալով իր արմատներին։ Իսկ այն մարդը, որը տարիներ շարունակ պայքարել էր ռինգում, այսօր ընտրել է իր փորձը փոխանցելու ճանապարհը։

Նա վրեժի մասին չի խոսում։ Նա խոսում է հարգանքի մասին։ Նա չի ասում, որ ամեն ինչի է հասել։ Պարզապես ասում է, որ առաջ է գնում։

Եվ, գուցե, նրա ամբողջ պատմությունն ամփոփվում է հենց այդ կարողության մեջ՝ առաջ շարժվել՝ երբեք չթողնելով այն, ինչ արդեն կար իր ներսում, երբ 16 տարեկանում հեռացավ Թբիլիսիից։ «Դա իմ մեջ դրոշմված էր»։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում