«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան
3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն. Արմեն Սարգսյան, «Բացակայություններ»

Արմեն Սարգսյանի բանաստեղծությունների «Բացակայություններ» ժողովածուն ներառում է գրողի վերջին տասը տարիների տեքստերը: Գրքում բացակայությունը ներկայության ամենախիտ ձևն է, իսկ բառերը՝ իրականությունը վերաիմաստավորելու միջոց։ Պոետիկան մինիմալիստական է. յուրաքանչյուր բառ ընտրված է անհրաժեշտությամբ, յուրաքանչյուր դադար՝ տրամաբանությամբ։ Պարականոն կետադրությունն ու բանաստեղծական ձևերը ընդգծում են ասելիքի պատկերավորությունը: Արմենի տեքստերում կյանքը ցայտում է շատրվանի պես, քաղաքը՝ դառնում մարմին, հորիզոնը՝ կարճում աշխարհը։ Նրա բանաստեղծությունները գրված են երևակայությամբ և ընթերցվում են երևակայությամբ, դրանց համոզչականությունը թելադրվում է գրողի փորձառության ուժից։ «Բացակայությունները» հիշեցնում է, որ պոեզիան չի թաքցնում դատարկությունները. այն սովորեցնում է տեսնել, թե իրականում որքան լեցուն են դրանք։
Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:
Թարգմանական գրականություն. Դացե Վիգանտե¸«Սառուցյալ օվկիանոսը»

Երբ ընտանիքի պատմության մեջ կա ողբերգություն, որի մասին ոչ ոք չի խոսում, այդ լռությունը ժառանգում են սերունդները։ 1978 թվական։ Մառան ամեն օր այցելում է ծերանոցում ապրող մորը՝ Իրմային։ Կյանքի վերջում Իրման սկսում է հիշել այն, ինչը տարիներ շարունակ փորձել էր մոռանալ՝ 1941-ի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սերը, մասնատված ընտանիքը և այն մեղքը, որը միշտ մնաց իր հետ։ Վեպը միահյուսում է երեք կանանց՝ տատիկի, մոր և դստեր ճակատագրերը։ Պատմական ողբերգությունը մարդկանց ներսում շարունակում է ապրել նույնիսկ տասնամյակներ անց։ «Սառուցյալ օվկիանոսը» ընտանեկան հիշողության և հոգեբանական վերքերի պատմություն է, որտեղ ամենակարևոր պայքարը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում։
Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն. Աղավնի Գրիգորյան, «Հին ու նոր հեքիաթ»

Ընթերցողին սպասվում են զարմանալի բացահայտումներ, ուրախ արկածներ և իհարկե` հրաշքներ «Հին ու նոր հեքիաթի» աշխարհում:
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: