Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն
9 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է ծխախոտից հրաժարվելու աջակցության արդյունավետ մեթոդների ուսումնասիրմանն ուղղված ACTS միջազգային հնգամյա հետազոտական ծրագիրը, որը միավորում է եվրոպական տարածաշրջանի 9 երկրների գիտնականների և հետազոտական կազմակերպությունների։
Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրները վաղուց ապացուցված են գիտական հետազոտություններով։ Չնայած դրան՝ ծխողների զգալի մասը շարունակում է դժվարություններ ունենալ այս վնասակար սովորությունից հրաժարվելու հարցում։ Շատերը գիտակցում են ծխելու վտանգները և ցանկանում են դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սակայն կախվածությունը հաղթահարելու համար հաճախ միայն սեփական կամքը բավարար չէ։ Անհրաժեշտ է նաև մասնագիտական աջակցություն և հասանելի, արդյունավետ առողջապահական ծառայություն։
Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված ACTS միջազգային հետազոտական հնգամյա ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել ծխախոտից հրաժարվելու աջակցության տարբեր մեթոդների արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել դրանց ներդրման և կիրառման հնարավորությունները առողջապահական համակարգերում։
Նախաձեռնությունը միավորում է եվրոպական տարածաշրջանի 9 երկրների հետազոտողների և գիտահետազոտական կազմակերպությունների։
Հետազոտությունն իրականացվելու է չորս երկրում՝ Հայաստանում, Վրաստանում, Սերբիայում և Ալբանիայում՝ Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոնի համակարգմամբ։
Ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ գրասենյակի համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն ողջունել է նախաձեռնությունը՝ շնորհավորելով մասնակիցներին և ընդգծելով միջազգային գիտահետազոտական համագործակցության ու հանրային առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4,5 միլիոն եվրո, որը նախատեսված է հինգ տարվա համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում։
Թեև ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները բավականին հստակ են, կարևոր է հասկանալ նաև, թե դրանք ինչպես են վերածվելու գործնական աջակցության ծխելը թողնել ցանկացող մարդկանց համար։ Մասնավորապես, ի՞նչ մեթոդներ և գործիքներ են կիրառվելու ծխախոտից հրաժարվել ցանկացողներին օգնելու համար, և ի՞նչ է տեղի ունենալու ծրագրի ավարտից հինգ տարի անց։ Արդյոք ձևավորված համակարգը կշարունակի՞ գործել և հասանելի կլինի՞ քաղաքացիներին։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք ծրագրի երեք մասնակիցների հետ։

Ալեքսանդր Բազարչյան. «Մեր նպատակն է ձևավորել համակարգ, որտեղ ծխելը թողնել ցանկացողները կստանան արդյունավետ մասնագիտական աջակցություն»
ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում գնահատվելու են Հայաստանի գիտական կարողությունները և մշակվելու են առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ։
«Ծրագրի շրջանակում գնահատվելու են մեր երկրի գիտական կարողությունները, ներկայացվելու են առողջապահական համակարգին վերաբերող առաջարկություններ։ Առաջին հերթին ծրագրի դրական ազդեցությունը կզգան առողջապահական հաստատությունները, հատկապես ծխելու դեմ պայքարի և ծխախոտից հրաժարվելու աջակցության ծառայությունների ոլորտում։
Ծրագրի ավարտից հինգ տարի անց՝ որպես մնայուն արդյունք, կունենանք ձևավորված գիտելիք, մշակված օրենսդրական հիմքեր, իսկ մեր բժիշկները կկարողանան շահառուներին տրամադրել ապացուցահեն և առավել արդյունավետ աջակցություն։
Մեզ համար հատկապես կարևոր է, որ ծրագրով նախատեսվում է նաև բուժաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացում։ Ակնկալում ենք, որ դրա արդյունքում կձևավորվի այնպիսի համակարգ, որտեղ ծխելը դադարեցնել ցանկացող մարդիկ կկարողանան դիմել համապատասխան մասնագետներին և ստանալ անհրաժեշտ, բարձրորակ ու արդյունավետ ծառայություններ»,-նշել է Ալեքսանդր Բազարչյանը։

Մարկոս Սեբաստիան Մարտենիս. «Ծխախոտային կախվածությունը քրոնիկ խնդիր է, որը պահանջում է մասնագիտական միջամտություն»
Ծրագրի ղեկավար, Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոնի Կախվածությունների միջազգային հետազոտությունների կենտրոնի դոկտոր Մարկոս Սեբաստիան Մարտենիսի համոզմամբ՝ ծրագրի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն դրա անմիջական արդյունքներով, այլև երկարաժամկետ կիրառման և այլ երկրներում տարածման հնարավորությամբ։
«Մեր պատկերացմամբ՝ ապագայում այս ծրագիրը պետք է ներդրվի նաև այլ երկրներում, քանի որ ծախսարդյունավետության տեսանկյունից այն լիովին արդարացված է։ Համոզված ենք, որ բոլոր չորս երկրներում էլ համեմատաբար կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի արձանագրել դրական արդյունքներ։
Հույս ունենք, որ յուրաքանչյուր երկրի կառավարություն կընդունի համապատասխան օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք հնարավորություն կտան ծրագիրը տարածել երկրի ամբողջ տարածքում։
Կարևոր է հասկանալ, որ այն մարդը, որը չի կարողանում ինքնուրույն հրաժարվել ծխախոտից, հաճախ գործ ունի կախվածության հետ։ Այս դեպքում մենք գործ ունենք քրոնիկ առողջական խնդրի հետ, որը պահանջում է մասնագիտական և հետևողական աջակցություն։
Մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մարդկանց հասցնենք այն գիտակցմանը, որ վարքագիծը փոխելը հնարավոր է, և մարդը կարող է հրաժարվել ծխելուց՝ համապատասխան աջակցության դեպքում»,-ընդգծել է Մարտենիսը։
Դավիթ Օթիաշվիլի. «Մեր խնդիրն է ծխող մարդուն մոտեցնել ծխելը թողնելու որոշմանը և ապահովել անհրաժեշտ աջակցությունը»
Ծրագրի մասնակից, Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի Բնական գիտությունների և բժշկական դպրոցի առողջապահության դասախոս Դավիթ Օթիաշվիլին նույնպես կարևորում է մասնագիտական աջակցության դերը։ Նրա խոսքով՝ ծխելուց հրաժարվելու գործընթացը բարդ է, և դրա համար անհրաժեշտ է ոչ միայն մարդու անձնական որոշումը, այլև հետևողական աշխատանք։
«Այո՛, մարդն ինքը պետք է ցանկանա թողնել ծխելը, սակայն դա բավականին բարդ գործընթաց է։ Մեր խնդիրն է ծխող մարդուն աստիճանաբար մոտեցնել ծխելը թողնելու գաղափարին։
Այս գործընթացն ունի երկու կարևոր բաղադրիչ։ Առաջինը գիտահեն և փաստարկված մոտեցումներն են, որոնք կօգնեն ծխելը թողնելու որոշում կայացրած մարդուն հաղթահարել կախվածությունը։ Երկրորդը՝ այդ մոտեցումների ներդրումն ու ինտեգրումն է առողջապահական համակարգում։
Այսինքն՝ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի բուժօգնության ուղի, որի միջոցով մարդը ոչ միայն տեղեկատվություն կստանա ծխելու վնասների մասին, այլև կկարողանա դիմել մասնագետի, ստանալ համապատասխան աջակցություն և հետևողականորեն անցնել ծխախոտից հրաժարվելու ամբողջ գործընթացը»,– նշել է Դավիթ Օթիաշվիլին։

ACTS ծրագրի կարևորությունն այն է, որ այն ծխելուց հրաժարվելը դիտարկում է ոչ միայն որպես անհատի անձնական որոշում, այլև որպես առողջապահական համակարգի կողմից լուծում պահանջող խնդիր։ Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան բացահայտել աջակցության առավել արդյունավետ մեթոդները, գնահատել դրանց կիրառելիությունը և մշակել համապատասխան ծառայությունների ներդրման մեխանիզմներ։
Հայաստանի համար ծրագրի երկարաժամկետ նշանակությունը պայմանավորված է հատկապես նրանով, թե որքանով կհաջողվի հետազոտական արդյունքները վերածել գործնական ծառայությունների։ Եթե հինգ տարվա ընթացքում ձևավորվեն մասնագիտական կարողություններ, ապացուցահեն մոտեցումներ և դրանց կիրառումն ապահովող համակարգ, ապա ծրագրի ավարտը չի նշանակի նաև դրա արդյունքների ավարտը։
Ի վերջո, ծխախոտից հրաժարվելու հարցում մարդուն միայն խորհուրդ տալը բավարար չէ։ Կարևոր է, որ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ստանալու մասնագիտական աջակցություն՝ իր կախվածությունը հաղթահարելու և առողջ ապրելակերպին վերադառնալու համար։
Ժասմեն Վիլյան