Հայաստան

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Երևանում կայացել է «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար․ մարդու իրավունքները, արժանապատվությունը և ներառականությունը հոգեկան առողջության պահպանման ոլորտում» խորագրով տարածաշրջանային համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 Համաժողովի ընթացքում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, համայնքահեն ծառայությունների հասանելիության ընդլայնումը և ոլորտում մարդակենտրոն մոտեցումների զարգացումը, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը:

Գերատեսչությունից նշում են, որ քննարկման առանցքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության և գործունակության ապահովումն էր, համայնքահեն ծառայությունների հասանելիության ընդլայնումը, ազատությունից զրկման վայրերում պատշաճ խնամքի ապահովումը, ինչպես նաև խարանի դեմ պայքարն ու հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։

Մասնակիցներն ընդգծել են, որ հոգեկան առողջության արդյունավետ պահպանումը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, արժանապատվության, տեղեկացված համաձայնության և անհատականացված աջակցության սկզբունքների վրա՝ ապահովելով յուրաքանչյուր անձի մասնակցությունն իր խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Մասնավորապես` անդրադարձ է եղել համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության ապահովման կարևորությանը՝ անդրադառնալով Շիրակի և Արարատի մարզերում գործող շարժական թիմերի փորձին։ 

Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն ընդգծել է, որ հոգեկան առողջությունը միայն առողջապահական քաղաքականության խնդիր չէ, և Հայաստանի համար այս մոտեցումը ընթացիկ բարեփոխումների առանցքում է, որոնք արտացոլում են հիմնարար մի սկզբունք. հոգեկան առողջության խնդիրը պետք է դառնա մարդու իրավունքների, արժանապատվության, հավասարության, սոցիալական ներառման և մասնակցության հարց: 

Կարևորելով Կենսաբժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին (Օվիեդո) կոնվենցիայի վավերացումը` Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նշել է, որ կարևոր են նաև սպասվող փոխությունները` բժշկական օգնության և սպասարկման համատեքստում։

Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում և տարածաշրջանում հոգեկան առողջության պահպանման համակարգերն առավել իրավունքահեն, ներառական և մարդակենտրոն դարձնելու շուրջ երկխոսության ամրապնդմանը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակում՝ որպես Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մաս, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, ակադեմիական շրջանակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում