Մարզեր

Գավառի պետական համալսարանում անցկացվել են «էրազմուսյան» օրեր

3 րոպեի ընթերցում

Գավառի  պետական համալսարանում անցկացվել են «էրազմուսյան» օրեր

Գավառի  պետական համալսարանում օրերս անցկացվել են «էրազմուսյան» օրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, ուսանողներն ու դասախոսները Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։

Ծրագրերին մասնակցած համալսարանականները «էրազմուսյան» օրերի շրջանակում հանդես են եկել հաշվետվություններով։

ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Տոնոյանը և «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նանե Դավթյանը ներկայացրել են Հռոմի Սապիենզա համալսարանում իրենց ուսումնառության արդյունքները։ Հաշվետվություններ են ներկայացրել «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Էդվարդ Գրեյանը և Մկրտիչ Ապկարյանը Իսպանիայի Վայլադոլիդ համալսարանում, իսկ նույն կուրսի ուսանող Երվանդ Ավետիսյանը և «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ուսանող Մովսես Մարգարյանը՝ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում իրենց ուսումնառության մասին։

Իսպանիայի Կորդոբայի համալսարանում կրթության առանձնահատկություններին է անդրադարձել «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Հովակիմյանը, իսկ «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Վահե Դվոյանը կարևորել է Իսպանիայի Ալմերիայի համալսարանում «ճկուն» հմտությունների զարգացմանը միտված ամառային դպրոցին մասնակցությունը։

ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրել են Հռոմի Սապիենզայի համալսարանում կատարած իրենց դասախոսական աշխատանքը՝ նշելով առաջավոր փորձի փոխանակման կարևորությունը։

Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը կիսվել է Իսպանիայի Կորդոբայի համալսարանի միջազգային շաբաթին իր մասնակցության տպավորություններով։ Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը ներկայացրել է Պորտուգալիայի Ավեիրոյի համալսարանում իրականացրած դասախոսական աշխատանքը, իսկ Իրավագիտության ամբիոնի դասախոս Դանիել Մոսիկյանը՝ նույն համալսարանում անցկացված միջազգային շաբաթի արդյունքները։ Իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը ներկայացրել է Իսպանիայի Մուրսիա քաղաքի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում, իսկ Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը՝ Վալյադոլիդի համալսարանում կայացած միջազգային շաբաթներին մասնակցության փորձը։

Ամփոփելով ուսանողների և դասախոսների հաշվետվությունների շարքը՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն ընդգծել է եվրոպական գործընկեր բուհերի հետ համագործակցության ուղեծրի ընդլայնման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում