Հայաստան

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

2 րոպեի ընթերցում

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Վայոց ձորի մարզի Չիվա և Տավուշի մարզի Դովեղ գյուղերը շուտով կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ, որոնք կառուցվում են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, երկու դպրոցների շինարարությունը նախկինում իրականացրած միևնույն կապալառուի անորակ և անավարտ աշխատանքը շտկել ու շարունակում են նոր կապալառուները։

Չիվայի դպրոցի շինարարական աշխատանքները կապալառուի կողմից այս պահին ավարտվել են։ Ձևավորվել է ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողով, որի աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է ստանալ ավարտական ակտ։

Դովեղի դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է։ Արդեն գրեթե  ամբողջությամբ կառուցվել է հենապատը՝ կանխելով համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը, կառուցվել են մանկապարտեզի և դպրոցի հիմնակմախքը, իրականացվում է տանիքը, կառուցվում է նաև մարզադահլիճը։

Երկու դպրոցների նախկին կապալառու հանդիսացող միևնույն ընկերության հետ պայմանագրերը Քաղաքաշինության կոմիտեն լուծել էր, քանի որ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել էր նախագծից, պահանջվող որակից շեղումներով, շինարարական նորմերի և ժամկետների խախտումներով՝ չներկայացնելով նաև անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բանկային երաշխիքները։ Խախտումները փաստագրվել էին մասնագիտական հանձնաժողովի կողմից, կատարված նմուշառումների լաբորատոր փորձարկումներով, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից, որի միջնորդագրի հիման վրա կապալառուի լիցենզիան կասեցվել էր։

Նախկին կապալառուի կողմից պայմանագրերի լուծումը բողոքարկվել է դատական կարգով, որի պատճառով շինարարությունը նոր կապալառուների ներգրավմամբ հնարավոր է եղել շարունակել հօգուտ կոմիտեի դատական ակտերի կայացումից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում