Սպորտ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

2 րոպեի ընթերցում

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու թիմի մարզիչ Հայկ Նազարյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները։

«Մեզ համար, ընդհանուր առմամբ, Եվրոպայի այս առաջնությունը լավ անցավ։ Կանխատեսելի էր մեզ համար։ Ինչ-որ տեղ իրավիճակներ եղան, որոնց չէինք սպասում, ու նաև եղան իրավիճակներ, որոնք սպասելի էին։ Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք՝ առաջին, երկրորդ ու երրորդ տեղեր զբաղեցրեցինք։ Բոլորն արեցին իրենց լավագույնը, միայն Արթուր Դավթյանի եզրափակիչի երկրորդ ցատկն էր, որ անսպասելի էր մեզ համար։ Մենք լավագույնս էինք նախապատրաստվել, ու լավագույններից մեկն էլ հենց Արթուր Դավթյանն էր պատրաստվել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը։

Ըստ մասնագետի՝ Եվրոպայի այս առաջնությունն իր առանձնահատուկ դժվարությունն ունեցավ, քանի որ առաջին տարին է, որ այն անցկացվում է օգոստոսին։

Խոսելով Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանի մասին՝ Սերոբյանն առանձնացրեց, որ Ավետիսյանը նախորդ տարիների համեմատ իր վարժությունը կատարեց լավ, ու մրցակիցներն էլ շատ վրիպումներ ունեցան։ Խոսելով արդեն Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Համլետ Մանուկյանի ու Մամիկոն Խաչատրյանի մասին՝ մասնագետը շեշտեց, որ երիտասարդ մարզիկներն իրենց վարժությունները կատարել են իդեալական։

Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով՝ այս արդյունքները Եվրոպայի առաջնությունում կարող են ոգեշնչող լինել արդեն գալիք մրցաշարերի համար։

«Մեզ համար շատ ուրախալի է Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը, և ուրախ ենք նաև Համլետի ու Մամիկոնի մեդալներով»,- ասաց նա։

Նազարյանը խոսեց նաև Արթուր Դավթյանի եզրափակչի անհաջող ելույթի մասին՝ պարզաբանելով, որ առաջին ցատկից հետո մարզիկը մեջքի ցավ է ունեցել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում