Չինաստան

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

4 րոպեի ընթերցում

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հայաստան-Չինաստան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և նախանշում են զարգացում մի շարք ուղղություններով՝ հատկապես հաշվի առնելով 2025 թվականին երկու երկրների առաջնորդների հայտարարությունը ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՉԺՀ Ժողովրդաազատագրական բանակի ստեղծան 99-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը։  

«Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականին ՉԺՀ կատարած այցը, որի ընթացքում ՀՀ վարչապետը մասնակցեց Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։ Առավել կարևորում ենք այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև կայացած հանդիպումը, որի արդյունքներով՝ պետությունների ղեկավարները հայտարարեցին, որ երկու երկրների միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն»,- ասաց Ասրյանը։

Նրա դիտարկմամբ՝ հայ-չինական հարաբերությունները հիմնված են ավանդական փոխադարձ հարգանքի, համաձայնության ու փոխըմբռնման վրա և կրում են բազմակողմ բնույթ։ 

«ՉԺՀ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը գտնվում է ՀՀ ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, և այս համատեքստում մեզ համար առավել կարևոր են պաշտպանական գերատեսչությունների ղեկավար կազմերի մակարդակով մշտական գործնական շփումները։ Ակտիվ ամրապնդվում է մեր փոխգործակցությունն անվտանգության բնագավառում։ 2023-25 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում կայացած միջազգային անվտանգության հարցերով Սյան Շանի համաժողովներին, որոնց շրջանակում արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՉԺՀ պետական այրերի հետ, ինչը խթան է հանդիսացել երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար»,- նշեց ՀՀ Զու գլխավոր շտաբի պետը։ 

Նա հավելեց, որ երկկողմ համագործակցության ամենամյա ծրագրերի համապատասխան՝ հաջողությամբ իրականացվում է պատվիրակությունների փոխանակում, փորձագիտական մակարդակով անցկացվում են աշխատանքային հանդիպումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։ Ընդլայնվել են ռազմագիտության ոլորտում սերտ կապերը, մասնավորապես ՉԺՀ ռազմական գիտությունների ռազմական ակադեմիայի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև։ 

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կառավարության որոշումը՝ ՉԺՀ ուսումնական հաստատություններում ՀՀ-ի զինված ուժերին հատկացված տեղերի վերաբերյալ, որոնց քանակությունը տարեցտարի ավելանում է։ Բավականին բարձր արդյունավետությամբ է իրականացվում ՉԺՀ կառավարության և զարգացող պետությունների միջև միջազգային համագործակցության ծրագիրը, որի համաձայն՝ ընթացիկ տարում Չինաստանում կազմակերպված սեմինարներին են մեկնել մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, կապի և կիբերանվտանգության, ավիացիայի, ռազմատեղադրության, ինժեներական զորքերի և այլ ստորաբաժանումների մասնագետները»,- եզրափակեց Ասրյանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում