Չինաստան

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

22 րոպեի ընթերցում

Photo: Public domain
Photo: Public domain

«Արմենպրես» լրատվական գործակալության անգլալեզու լուրերի գլխավոր խմբագիր Ստեփան Քոչարյանի հեղինակային հոդվածը

Արևածագին` առավոտյան մոտ ժամը վեցին, բիստրոներն արդեն լեփ-լեցուն են՝ նախաճաշ մատուցելով աշխատանքի շտապող մարդկանց։ Երկաթուղային կայարաններում եռուզեռ է. ուղևորները նստում են գնացքներ, որոնք շարժվում են րոպեական ճշգրտությամբ։ Համալսարանների լսարաններն ու բակերը լցված են ուսանողներով, ովքեր ուսումնասիրում են արհեստական բանականություն, ճարտարագիտություն և այլ ոլորտներ, որոնք ձևավորելու են ապագայի տեխնոլոգիաները։ Սա Չինաստանն է՝ երկիր, որտեղ ապագան արդեն այսօր է։

Մոտ մեկ տասնամյակի ընթացքում Չինաստանի տարբեր շրջաններ կատարած իմ երեք այցերից հետո ամենատպավորիչ մտահանգումը, որին եկել եմ, թերևս սա է․ Չինաստանը չի սպասում ապագային։ Շատ առումներով ապագան այնտեղ արդեն իսկ եկել է։

Առաջին ուղևորությունս 2017 թվականին էր, երբ մեկ շաբաթ անցկացրի Լանժոուում՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի մարզկենտրոնում։ Օտար երկիր առաջին ճանապարհորդությունս չէր, այլ երկրներում եղել էի, սակայն այստեղ օդանավակայանից դուրս գալուց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ հայտնվել եմ բոլորովին այլ աշխարհում։

Տարիներ անց՝ 2024 թվականին, հնարավորություն ունեցա կրկին այցելել Չինաստան և մի քանի ամիս ճանապարհորդել երկրով մեկ, ապա՝ արդեն 2026 թվականին։

Չինաստանի յուրաքանչյուր ուղղություն թույլ է տալիս յուրահատուկ պատկերացում կազմել այդ երկրի մասին։

Չինաստանն այդքան տարբեր անկյուններից տեսնելուց հետո՝ Հարավչինական ծովի ափերից մինչև Պեկինի մեգապոլիսային միջավայրը, արդիականացված լեռնային գյուղերից մինչև պատմական Տակլամական անապատին սահմանակից քաղաքները, ծովային առևտրի կենտրոններից մինչև Մետաքսի ճանապարհի հնագույն ուղիները, որոնցով ժամանակին անցել են վաճառականների քարավանները, ես կրկին ու կրկին հանգում էի նույն մտքին. Չինաստանը գրավել է ապագան։

Այս այցերի ընթացքում ես նկատեցի հանգստության մի արտասովոր զգացում՝ անդադար եռուզեռի մեջտեղում։

Այս ճամփորդությունները թույլ տվեցին ինձ ավելի խորությամբ հասկանալ մի երկիր, որը երբեմն սխալ է ընկալվում դրսում՝ հատկապես հաշվի առնելով մեծ տերությունների մրցակցության մասին անվերջ պատմությունները, ինչպես նաև այլ գերիշխող նարատիվների շուրջ չդադարող քննարկումները։

Այն, ինչ ես տեսա, պարզապես արագ զարգացող տնտեսություն չէր, այլ երկարաժամկետ ծրագրավորմամբ և վերափոխմամբ զբաղվող պետություն՝ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հսկայական ներդրումներ կատարող՝ սկսած ենթակառուցվածքներից մինչև կրթություն և մարդկային կապիտալի զարգացում։

Նման քաղաքականությունները վերաձևավորում են ոչ միայն հենց Չինաստանը՝ հաշվի առնելով երկրի ունեցած մեծ դերը գլոբալ մատակարարման շղթայում։

Կյանքի բոլոր ոլորտներում տեխնոլոգիական զարգացման առաջընթացը՝ սկսած հեռավոր անապատային քաղաքների հիվանդանոցներում արհեստական բանականության միջոցով իրականացվող հեռավար վիրաբուժական միջամտություններից մինչև այնպիսի սովորական գործողություն, ինչպիսին է առցանց գնումների արագությունը, երբ ցանկացած պատվեր կարող է հասնել ձեր դռան առաջ 30 րոպեից էլ քիչ ժամանակում՝ կախված գտնվելուդ վայրից, վկայում է չինական հնարամտության մասին։ Այս զարգացումները նպատակ ունեն դարձնել ամենօրյա կյանքը հնարավորինս հարմարավետ՝ նվազույնի հասցնելով ժամանակի կորուստը։ Յուրաքանչյուր տեխնոլոգիա, նորարարություն, ստեղծագործ լուծում միտված է հարմարավետության ու արդյունավետության բարձրացմանը։ Հատկապես վառ եմ հիշում, թե ինչպես Չինաստանում՝ ժամում շուրջ 400 կիլոմետր արագությամբ ընթացող արագընթաց գնացքով ճանապարհորդելիս, առցանց ուտելիք պատվիրեցի, որը հասցվեց ինձ՝ հենց իմ նստատեղի մոտ, արդեն հաջորդ կայարանում, որտեղ գնացքը կանգ էր առել ընդամենը երկու րոպեով։

Չինաստանի վերաբերյալ միջազգային քննարկումների հիմնական մասը հաճախ կենտրոնանում է գաղափարախոսության, աշխարհաքաղաքական մրցակցության կամ որոշ երկրների կողմից առաջ քաշվող, այսպես կոչված «չինական սպառնալիքի» մասին պատմությունների վրա, որոնք հաճախ նպատակ ունեն «ջուրը պղտորել»։

Սակայն անկախ աշխարհաքաղաքականության կամ համաշխարհային գործընթացների վերաբերյալ յուրաքանչյուր անհատի ունեցած տեսակետից՝ Չինաստանի տնտեսական վերափոխումը, բաց լինելու քաղաքականությունը և արդիականացման ջանքերը զարգացման բացառիկ օրինակ են, որն արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության։

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ վերջին չորս տասնամյակների ընթացքում Չինաստանը ավելի քան 800 միլիոն մարդու դուրս է բերել աղքատությունից․ սա մարդկության պատմության ամենանշանակալից տնտեսական և սոցիալական վերափոխումներից մեկն է։

Այսօր Չինաստանը համաշխարհային արտադրական հզոր կենտրոն է, որտեղ արտադրվում է ապրանքների աննախադեպ լայն տեսականի՝ սպառողական էլեկտրոնիկայից և կենցաղային արտադրանքից մինչև բարձր տեխնոլոգիական արդյունաբերական սարքավորումներ։ Այս ձեռքբերումը պայմանավորված է ենթակառուցվածքների, լոգիստիկայի և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտներում կատարված հսկայական ներդրումներով։

Երկիրը ստեղծել է արագընթաց երկաթուղային խոշոր ցանց, ընդլայնել նավահանգիստներն ու ավտոմայրուղիները, արդիականացրել քաղաքները և իրականացրել ենթակառուցվածքային ծրագրեր այնպիսի մասշտաբով, որը հազվադեպ է հանդիպում աշխարհի այլ կետում։ Միևնույն ժամանակ, Չինաստանը շարունակում է զարգացնել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել կապակցվածությունը Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների միջև։

Չինական ընկերությունները նաև դարձել են գլոբալ առաջատարներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները, մարտկոցները, արևային էներգիան և արհեստական բանականությունը։

Կենսական նշանակություն ունեցող մաքուր էներգիայի ոլորտում Չինաստանը դարձել է գլոբալ առաջատար՝ արագորեն ընդլայնելով արևային և հողմային էներգիայի հզորությունները՝ միաժամանակ զբաղեցնելով գերիշխող դիրք մարտկոցների մատակարարման համաշխարհային շղթայում։

2024 թվականին, ավելի քան 100 երկրների լրագրողների հետ միասին չորս ամիս գտնվելով Պեկինում, ես հնարավորություն ունեցա լուսաբանելու կարևոր պաշտոնական իրադարձություններ, այդ թվում՝ «Երկու նստաշրջանները», որտեղ նախագահ Սի Ծինփինը ներկայացրեց կառավարության հաջորդ տարվա ծրագիրը։

Ես այցելեցի նաև Չինաստանի բազմաթիվ նահանգներ և քաղաքներ՝ ավելի լայն պատկերացում կազմելով երկրի զարգացման, մշակույթի և վերափոխումների մասին։

Այցելածս վայրերից էին «Չինաստանի Հավայան կղզիներ» անվանումը ստացած Հայնան նահանգի Սանյա և Հայկոու քաղաքները։ Այստեղ ես լուսաբանում էի Ասիայի Բոաո ֆորումը։ Մասնագիտական պարտականություններից բացի, ես հնարավորություն ունեցա բացահայտելու կղզու գեղեցկությունը՝ ոսկեգույն ավազոտ լողափերից մինչև արևադարձային բնապատկերներ։

2024 թվականին այցելեցի նաև պատմական Սինցզյան տարածաշրջան, որտեղ պատիվ ունեցա միանալու Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի գլխավորած պատվիրակությանը՝ Ուրումչի, Շիհեզի և Ալար քաղաքներ կատարած այցի ընթացքում։ Շիհեզիում բացառիկ հնարավորություն ունեցա հանդիպելու Սինցզյանի արտադրական և շինարարական կորպուսի (XPCC) պաշտոնյաների հետ, ովքեր բացատրեցին, թե ինչպես է քաղաքը մի քանի տասնամյակի ընթացքում կառուցվել զրոյից՝ նախկինում մեծամասամբ չզարգացած տարածքը վերածելով ժամանակակից օազիսի։

Ես եղել եմ նաև Ցզյանսու նահանգում, որը Չինաստանի արևելյան ափամերձ հատվածի տնտեսապես ամենազարգացած շրջաններից է։

Ես քայլել եմ Պեկինի «Արգելված քաղաքի» տարածքով, կանգնել Տյանանմենի հրապարակում, բարձրացել Չինական մեծ պարիսպը և թանգարաններում տեսել չինական քաղաքակրթության դարավոր ժառանգության պահպանված գանձերը։ Այցելել եմ շինարարական հսկայական տարածքներ, որոնց մասշտաբը կարելի էր համեմատել ամբողջական քաղաքների հետ, դիտարկել բեռնարկղերի շարժը ծանրաբեռնված նավահանգիստներում՝ մանրակրկիտ մշակված համակարգի ճշգրտությամբ, ճանապարհորդել Տակլամական անապատի շուրջը ձգվող ընդարձակ տարածքներով։ Խաղացել եմ շախմատ և շաշկի ռոբոտի հետ (ամեն անգամ արժանանալով ամոթալի պարտության), ինչպես նաև ունեցել եմ անմոռանալի փորձառություն՝ Ցզյանսու նահանգում տեսնելու Չինաստանի հայտնի պանդաներին։

Այս տարի ես կրկին վերադարձա Չինաստան՝ նորից այցելելով Սինցզյանի Ուրումչին, ինչպես նաև Գանսու նահանգի Լանժոուն, և բացահայտելով լեռների մեջ թաքնված գեղեցիկ գյուղական վայրերը։ Եվ կրկին ականատես եղա բոլոր ոլորտներում տեղի ունեցող արագ զարգացմանը։ Քաղաքների այն հատվածները, որոնք ժամանակին կարծում էի, թե լավ ճանաչում եմ, վերափոխվել էին գրեթե անճանաչելիորեն։ Օրինակ՝ Ուրումչիի օդանավակայանը, որտեղ վերջերս բացվել է ուղևորափոխադրումների համար նախատեսված ամբողջովին նոր, հսկայական տերմինալ, իսկ հին տերմինալներն այսօր արդեն օգտագործվում են բացառապես բեռնափոխադրումների համար։ Իհարկե, միամտություն կլինի ասել, թե տեսել եմ ամեն ինչ, քանի որ նույնիսկ մի կյանքը բավարար չէ ամբողջ Չինաստանը բացահայտելու համար։ Ուստի հույս ունեմ, որ դեռ շատ նոր ճամփորդություններ են սպասվում առջևում։

Այս ճանապարհորդությունները հնարավորություն տվեցին ականատես լինելու Չինաստանի բազմազանությանը՝ հնագույն պատմական վայրերից մինչև աշխարհի ամենաժամանակակից ենթակառուցվածքային նախագծեր։

Սակայն ամենակարևորը՝ ես հնարավորություն ունեցա ճանաչելու Չինաստանի մարդկանց՝ սկսած Սինցզյանում ապրող, հարուստ և հետաքրքիր ավանդույթներ ունեցող հյուրընկալ ույղուրներից մինչև լեռնային գյուղերի աշխատասեր ու լավատես բնակիչներ, ինչպես նաև Պեկինի նպատակասլաց ու կարգապահ երիտասարդներ։

Նրանց բոլորին միավորում են ընդհանուր արժեքներ՝ խոր կապը նախնիների ժառանգության հետ, հարգանքը ավանդույթների և սովորույթների նկատմամբ, անսպառ ծարավը նորարարության հանդեպ և առաջ շարժվելու անդադրում ձգտումը՝ կարծես ամեն վայրկյանը կարևոր է ժամանակի դեմ մրցավազքում։ Այժմ, հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհին, կարծում եմ՝ գուցե ես գտել եմ այն հարցի պատասխանը, որն ինձ մի անգամ տվել էր չինացի լրագրողներից մեկը․ «Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս այցերից»։ Ես պատասխանել էի, որ ցանկանում եմ բացահայտել չինական զարգացման գաղտնիքը։ Եվ այժմ, թվում է, գտել եմ այն։ Արդյունավետ պետական քաղաքականությունից բացի՝ գաղտնիքը, կարծում եմ, հենց մարդկանց մեջ է՝ նրանց բացառիկ նպատակասլացության, ստեղծարարության, նորարարության և ստեղծագործականության հանդեպ անսպառ ձգտման մեջ։

Ոչ մի երկիր զերծ չէ մարտահրավերներից։ Չինաստանը, ինչպես ցանկացած խոշոր պետություն, բախվում է իր դժվարություններին։ Սակայն նրա երկարաժամկետ ծրագրավորման հետևողականությունը, լայնածավալ նախագծերն իրականացնելու կարողությունը և տեխնոլոգիական առաջընթացին տրվող առաջնահերթությունը վկայում են խնդիրները լուծելու բացառիկ ներուժի մասին։

Որպես հայ՝ այս ճանապարհորդություններից հետո ես ինձ հաճախ էի տալիս մի կարևոր հարց․ ո՞րն է Հայաստանի տեղը այս փոփոխվող աշխարհում։

Դարեր շարունակ Հայաստանը պարզապես կանգառ չի եղել Մետաքսի ճանապարհին։ Այն եղել է քաղաքակրթությունների միջև կամուրջ՝ վայր, որտեղ հատվել են մշակույթները, գաղափարները, ապրանքներն ու գիտելիքը։ Հայ ժողովուրդը պատմականորեն օգտվել է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվելու իր բացառիկ աշխարհագրական դիրքից։

Այսօր, երբ Չինաստանը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության միջոցով փորձում է վերակենդանացնել Մետաքսի ճանապարհի ոգին, Հայաստանը և նրա նման երկրները հնարավորություն ունեն դառնալու փոխկապակցվածության, համագործակցության և համատեղ զարգացման նոր փուլի մասնակիցներ։

Հայաստանը տարածաշրջանի առաջին երկրներից էր, որը աջակցեց «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Այսօր էլ երկիրը շարունակում է տարբեր միջազգային գործընկերների հետ առաջ մղել կապակցվածությանն ուղղված ծրագրերը՝ միաժամանակ ձգտելով դիվերսիֆիկացնել իր տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները։

2025 թվականին Հայաստանը և Չինաստանը իրենց հարաբերությունները բարձրացրին ռազմավարական գործընկերության մակարդակի և պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այդ ընթացքում Չինաստանը նաև դարձավ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 2,64 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչի շնորհիվ Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Հայաստանի արտահանումը Չինաստան կազմել է շուրջ 763,6 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 1,877 միլիարդ դոլար։

Այս ցուցանիշները վկայում են, որ հայ-չինական հարաբերություններն ավելի ու ավելի մեծ գործնական նշանակություն են ձեռք բերում տնտեսական ոլորտում՝ ընդգծելով համագործակցության դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժն առավել ակտիվ ուսումնասիրելու և օգտագործելու անհրաժեշտությունը։ Երկկողմ համագործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով՝ կրթությունից և ներդրումներից մինչև մշակույթ։ Առավել կարևոր է, որ Չինաստանը պաշտոնապես ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, իսկ Երևանը հայտարարել է, որ այդ նշանակալի տարածաշրջանային կապակցվածության նախագիծը կարող է փոխկապակցվել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ։ Համագործակցության ընդլայնման հնարավորությունները լայն են․ չինական շուկան առաջարկում է գրեթե անսահման հնարավորություններ, իսկ Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը կարող է այնտեղ զգալի հեռանկարներ գտնել։

Մինչ աշխարհի շատ երկրներ հաճախ առաջնորդվում են կարճաժամկետ քաղաքական օրակարգերով, Չինաստանը ծրագրում է տասնամյակների հեռանկարով։ Այս տարբերությունը արժանի է ուշադրության, հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որոնք ձգտում են ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում։

Աշխարհի բազմաթիվ երկրներ այսօր շարունակում են մնալ գաղափարական տարաձայնությունների, նախորդ սերունդներից ժառանգված կամ արտաքին դերակատարների կողմից խորացվող հակամարտությունների, ներքաղաքական պայքարի և կարճաժամկետ հաշվարկների ազդեցության տակ։ Իսկ այդ ընթացքում Արևելքում շարունակվում է մեր ժամանակների ամենախոշոր աշխարհաքաղաքական և տնտեսական վերափոխումներից մեկը։

Չինաստան կատարած յուրաքանչյուր այց ինձ մոտ նույն տպավորությունն էր թողնում․ աշխարհի ծանրության կենտրոնը տեղափոխվում է շատ ավելի արագ, քան մեզանից շատերը կարող են գիտակցել։

Մինչ շատ երկրներ բանավիճում են, Չինաստանը կառուցում է։ Իմ դիտարկմամբ՝ կարճաժամկետ քաղաքական շահերի վրա կենտրոնանալու փոխարեն, Չինաստանը մտածում է սերունդների հեռանկարով։

21-րդ դարը ձևավորվելու է ոչ միայն Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում։ Այն ավելի ու ավելի մեծ չափով ձևավորվում է Պեկինում։

Դարեր շարունակ Հայաստանը բարգավաճել է այն ժամանակ, երբ կապել է քաղաքակրթությունները, այլ ոչ թե ընտրություն կատարել դրանց միջև։ Նրա պատմական առաքելությունը Արևելքն ու Արևմուտքը բաժանելը չէր, այլ դրանց միջև կամուրջ դառնալը։ Այսօր, երբ Չինաստանը նոր առևտրային և ենթակառուցվածքային ցանցերի միջոցով փորձում է վերամիավորել Ասիան, Եվրոպան և աշխարհի այլ տարածաշրջանները, պատմությունը, հնարավոր է, կրկին հնարավորություն է ընձեռում Հայաստանին՝ առավել ևս այն պայմաններում, երբ Երևանը կրկին դիրքավորում է իրեն մայրցամաքների միջև կամրջի իր պատմական դերակատարության ոգով։

Չինաստանի վերելքը տեսանելի է ոչ միայն վիճակագրական տվյալներում։ Այն արտացոլվում է երկրի քաղաքներում, համալսարաններում, գիտահետազոտական կենտրոններում, նավահանգիստներում, գործարաններում և հարյուր միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքում։ Այն երևում է շինարարության արագ տեմպերում, նորարարությունների մասշտաբներում և հասարակության ներսում առկա այն համոզմունքում, որ իրենք մեծ արագությամբ շարժվում են դեպի ապագա։

Այս ճանապարհին Չինաստանը համագործակցության լայն հնարավորություններ է առաջարկում այն գործընկերներին, որոնք պատրաստ են ներգրավվել նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած «համատեղ ապագայի գլոբալ համայնքի» տեսլականի շրջանակում, որի հիմնական հարթակը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն է։

Չինական վիշապը վաղուց է արթնացել՝ ոչ թե առասպելներում, այլ գործարաններում, գիտահետազոտական կենտրոններում, նավահանգիստներում, համալսարաններում և թվային ցանցերում։ Իսկ աշխարհն աստիճանաբար հարմարվում է այդ նոր իրականությանը։

Իհարկե, Հայաստանը Չինաստան չէ։ Յուրաքանչյուր երկիր ունի իր պատմությունը, ինքնությունն ու, գուցե, նույնիսկ իր ճակատագիրը։ Սակայն հին չինական ասացվածքներում հանդիպող իմաստություններն իրենց մեջ կարևոր ուղերձ ունեն․ ճակատագիրը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր են մարդու ջանքերն ու հետևողական աշխատանքը։

Հայաստանը կարող է օգտվել Չինաստանի փորձից՝ սովորելով նրա կարգապահությունից, երկարաժամկետ ծրագրավորման մշակույթից, կրթության մեջ կատարվող ներդրումներից, ենթակառուցվածքների զարգացման քաղաքականությունից և տնտեսական վերափոխմանը հետևողականորեն ուղղված մոտեցումներից։

Ապագան պատկանելու է այն երկրներին, որոնք գիտակցում են կապակցվածության, նորարարության և համագործակցության նշանակությունը։ Հնագույն Մետաքսի ճանապարհի ոգուն համահունչ՝ Հայաստանը հնարավորություն ունի ամրապնդելու իր դերը որպես քաղաքակրթությունները կապող կամուրջ և մասնակցելու համատեղ զարգացման նոր դարաշրջանին։ Հաշվի առնելով աշխարհում ընթացող արագ փոփոխություններն ու վերափոխումները՝ մենք պարզապես իրավունք չունենք անտեսելու հայ-չինական հարաբերություններում առկա հսկայական հնարավորությունները։ Այդ պատճառով «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության խորացումը ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի համար։

Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս շարժվել դեպի ավելի բարեկեցիկ ապագա՝ ոչ թե ձևական կամ արհեստական համագործակցության, այլ իրական գործընկերության, փորձի փոխանակման և փոխադարձ հարգանքի հիման վրա։

Ժողովուրդը, որի նախնիները ժամանակին կառուցեցին Չինական մեծ պարիսպը, այսօր կյանքի է կոչում մի նախագիծ, որը կարող է դառնալ մեր ժամանակների փոխկապակցվածության ամենամեծ նախաձեռնություններից մեկը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»։ Եվ դրա ազդեցությունը տեսանելի կլինի գալիք մի շարք սերունդների կյանքում։

Մետաքսի ճանապարհը երբեք միայն առևտրի մասին չի եղել։ Այն գաղափարների, մշակույթների, գիտելիքի և մարդկային ներուժի փոխանակման ճանապարհ էր։ Այդ իմաստով այն մարմնավորում էր նույն այն գաղափարը, որն այսօր ընկած է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հիմքում՝ մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի ձևավորումը։

Թերևս դրա կարևորագույն դասերից մեկն այսօր էլ մնում է նույնը․ քաղաքակրթությունները բարգավաճում են, երբ կապվում են միմյանց հետ և պարիսպները վերածում կամուրջների։

Հենց այս ճշմարտության գիտակցումն է, որ կարող է դառնալ 21-րդ դարի վճռորոշ ընտրություններից մեկը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում