Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
2 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների հարավում դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 աշակերտ է զոհվել, այդ թվում՝ կասկածյալ հրաձիգը, որն ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Եվս 8 մարդ վիրավորվել է։ Նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կոտաբատոյի նահանգի Բանգա քաղաքում։ Քաղաքապետ Ալբերտ Պալենսիան հայտնել է, որ բոլոր զոհերն ու տուժածները 14-17 տարեկան են։
«Կասկածյալն, ըստ տեղեկությունների, նստել է ընկերների կողքին և ասել նրանց գնալ տուն, քանի որ «ճաշից հետո ես իրագործելու եմ իմ ծրագիրը»։ Ընկերները ծիծաղել են, քանի որ կրակողը հայտնի էր որպես կատակասեր։ Ճաշից հետո նա սկսել էր կրակել ուսանողների վրա։ Նա կրակել էր 10 ուսանողի վրա նախքան ինքնասպան լինելը», - Reuters-ին հայտնել է Պալենսիան։։
Ֆիլիպինների դպրոցներում հունիսից ի վեր հրաձգության ևս երկու միջադեպ էր տեղի ունեցել։ Օգոստոսին երկրի հարավում գտնվող Զամբոանգա քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում ուսանողը դասասենյակում կրակել և սպանել էր մեկ այլ ուսանողի՝ այդ ամենն ուղիղ եթերում հեռարձակելով, որից հետո ինքնասպանություն էր գործել։
Հունիսին Տակլոբանի պետական ավագ դպրոցում երկու աշակերտ կրակ էր բացել դասընկերների ուղղությամբ, զոհվել էր երեք աշակերտ, մոտ 20-ը՝ վիրավորվել։
Ըստ Reuters-ի՝ Ֆիլիպիններում գործում են զենք ունենալու հետ կապված համեմատաբար խիստ կանոնակարգեր, այդ թվում՝ անձնական տվյալների ստուգման և հոգեբանական գնահատման պահանջներ, թեև անօրինական հրազենը շարունակում է շրջանառության մեջ մնալ։