Իրան

Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

2 րոպեի ընթերցում

Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Կողմերը քննարկել են «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանք քննարկել են տարածաշրջանում զարգացող իրավիճակը և համաձայնության եկել, որ լարվածությունը թուլացնելու լավագույն ուղին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացումն է։ Դեսպան Գրոսին առաջարկել է տեխնիկական աջակցություն, եթե անհրաժեշտություն լինի», - նշվում է գրառման մեջ։

Պակիստանի փոխվարչապետը վերահաստատել է իր երկրի անսասան հանձնառությունը՝ խթանելու ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև հարգելու միջազգային իրավունքն ու պայմանագրերը։

Նա նաև ընդգծել է ՄԱԿ-ի համակարգի վճռորոշ նշանակությունը խաղաղության և զարգացման գլոբալ օրակարգի իրականացման գործում և հաջողություն մաղթել ԱԷՄԳ ղեկավար Գրոսիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մղվող պայքարում։

Հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ պետք է մեկնարկեր Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցությունների 60-օրյա ժամկետը։ Փաստաթուղթը ներառում էր դրույթներ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ, որը դարձել է պատերազմի հիմնական թեժ կետը։

Սակայն հուշագրի պայմաները խախտվել են նոր փոխադարձ հարվածների պատճառով, իսկ համաձայնագրի 60-օրյա ժամկետը լրացել է՝ առանց հետագա առաջընթացի։

Թեև տարածաշրջանային միջնորդները, ինչպիսիք են Պակիստանը և Կատարը, փորձել են վերսկսել քննարկումները, սակայն համաձայնագրի կիրառումը մնում է սառեցված, իսկ Իրանը շարունակում է սահմանափակումներ կիրառել Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ն էլ իր հերթին պահպանում է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում