Պաղեստինի ԱԳ նախարար Աղաբեկյան Շահինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների մուտքի վիզայի մերժումը
2 րոպեի ընթերցում

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը պաղեստինցի պաշտոնյաների և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամների մուտքի արտոնագրի սահմանափակումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ հայտնել է Պաղեստինի արտաքին գործերի հայազգի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինը։
«Պաղեստինի Պետությունը կտրականապես մերժում է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների և ՊԱԿ-ի անդամների նկատմամբ վիզային սահմանափակումների ընդլայնումը։ Այդ միջոցառումները խաթարում են խաղաղությունը և «երկու պետության» սկզբունքի վրա հիմնված կարգավորումը», - նշել է նա գրառման մեջ։
Նախարարը հավելել է, որ Պաղեստինը հավատարիմ է մնում միջազգային իրավունքին և խաղաղ դիվանագիտությանը։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին չեղարկել այդ միջոցառումները և երկխոսություն սկսել», - հավելել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Միացյալ Նահանգները մերժել է մուտքի վիզա տրամադրել պաղեստինյան բարձրաստիճան պատվիրակությանը՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պաղեստինցի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Մահմուդ Աբբասը, չեն կատարել Իսրայելի հետ խաղաղություն փնտրելու իրենց պարտավորությունները և շարունակել են իրավական գործողություններ ձեռնարկել նրա դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման կերպ էր վարվել նաև 2025 թվականին՝ ստիպելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշտական մասնակից Պաղեստինի առաջնորդին տեսակապով դիմել աշխարհի երկրների ղեկավարներին։