Միացյալ Նահանգներ

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով

2 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը սպառնացել է միջուկային զենքով

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին՝ պետական ​​միջուկային ուժերի քաղաքականության մասին օրենքի դրույթներին համապատասխան՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հնարավոր գործողությունների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Նա ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը խորհուրդ է տվել  «վերլուծել, թե ինչ է նշանակում գործի դնել համապատասխան հոդվածները, և դա ընդունել որպես լուրջ նախազգուշացում»։

Հայտարարության համար առիթ է դարձել զանգվածային ոչնչացման զենքի արձագանքման ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հանձնաժողովի՝ սեպտեմբերի 10-ին կայացած նիստը։ Ըստ Փհենյանի տվյալների՝ կողմերը համաձայնության են եկել կատարելագործել տեղեկատվության փոխանակումը, մեծացնել համատեղ արձագանքման հնարավորությունները և ակտիվացնել համապատասխան զորավարժությունները։

ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչությունում դա գնահատել են  որպես հանրապետության դեմ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի հնարավոր կիրառման նախապատրաստում:

2022 թվականին ընդունված օրենքը նախատեսում է միջուկային զենքի կիրառում երկրի ղեկավարության կամ միջուկային ուժերի  կառավարման համակարգի վրա հարձակման դեպքում, ինչպես նաև ԿԺԴՀ-ի դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ սպառնալիքի դեպքում։ Այն նաև թույլատրում է միջուկային ուժերի կիրառում կարևոր ռազմավարական օբյեկտներին հարվածի սպառնալիքի դեպքում և նախատեսում է ավտոմատ միջուկային հարված՝ նախապես հաստատված պլանով, եթե  միջուկային ուժերի կառավարման համակարգը հարձակման հետևանքով հայտնվի սպառնալիքի տակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում