Միացյալ Նահանգներ

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

2 րոպեի ընթերցում

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը բանակցությունների արդյունքներով մեծ առաջընթացի են հասել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։

«Շատ երկար վարեցինք մեր բանակցությունները։ Այդ բանակցությունները կշարունակվեն։ Մենք մեծ առաջընթացի հասանք, իմ տեսակետից: Եվ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը», - ասել է ԱՄՆ բանագնացը։

Նա նաև հայտնել է, որ կողմերը միջանկյալ պայմանագիր են համաձայնեցրել։

Միևնույն ժամանակ Քոուլը հայտարարել է, որ Մինսկն ազատ կարձակի 25 կալանավորի, իսկ Վաշինգտոնը կչեղարկի «Լակոկրասկա» ՍՊԸ-ի և «Բելլեսբումպրոմ» կոնցեռնի դեմ սահմանված պատժամիջոցները։

Հատուկ բանագնացը նշել է, որ կալանավորների լրացուցիչ ազատ արձակումը և Բելառուսի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող են տեղի ունենալ կողմերի միջև բոլոր մնացած հարցերի լուծումից հետո։

«Կողմերը կշարունակեն աշխատել մնացած հարցերը լուծելու ուղղությամբ: Երբ բոլոր հարցերը լուծվեն, և երկու կողմերը համաձայնեցնեն, կլինեն անձանց լրացուցիչ ազատ արձակումներ և Բելառուսի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում», - հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում