Թուրքիա

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

2 րոպեի ընթերցում

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև օգոստոսին ստորագրված Մեքքայի համաձայնագիրը «պաշտպանական դաշինք» է, և ներկայում այն ընդլայնելու ծրագրեր չկան, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Պակիստանի ԱԳՆ խոսնակ Սաջջադ Հայդեր Խանն ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում նշել է, որ համաձայնագիրը հիմնականում «պաշտպանական դաշինք է, որի նպատակն է ապահովել տարածաշրջանային անվտանգությունը՝ առաջին հերթին զսպման միջոցով»։

Նա ընդգծել է, որ համաձայնագրի ընդլայնումը ներկայում «օրակարգում չէ»: Խոսնակը հավելել է, որ «Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան նախ պետք է էլ ավելի ամրապնդեն իրենց կազմակերպությունն ու համագործակցությունը»։

Պաշտոնյայի խոսքով՝ դաշինքի ամրապնդումից հետո համաձայնագիրը «բաց կլինի բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են նմանատիպ դիրքորոշումներ և տեսակետներ»։

Խոսնակը տեղեկացրել է, որ երեք անդամ պետությունները համաձայնագրի շրջանակներում տարբեր մակարդակներով խորհրդակցություններ են անցկացնում։

Նա վերահաստատել է, որ պետությունները համաձայնագրի ընդլայնման վերաբերյալ որոշում կկայացնեն ավելի ուշ փուլում։

«Այս փուլում Մեքքայի համաձայնագրի ընդլայնման վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում», - ասել է նա։

Օգոստոսի 7-ին Անկարան, Էր Ռիադը և Իսլամաբադը ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի դեմ հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի մյուս անդամների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում