Եվրոպա

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Չինաստանին արագացնել Բրյուսելի և Պեկինի միջև առևտրային հարաբերությունների հավասարակշռմանն ուղղված ընթացիկ քննարկումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Թույլ տվեք հստակ ասել՝ մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները մեր հարաբերությունները հավասարակշռելու համար։ Խոսքերը լավ են, բայց գործերն ավելի լավն են», - ասել է ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում։

Նա հիշեցրել է, որ Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն այժմ կազմում է օրական 1 միլիարդ եվրո։

«Այն հասել է կրիտիկական կետի։ Ոմանք ասում են, որ «չինական երկրորդ ցնցումն» է հասունանում։ Սակայն այն արդեն այստեղ է։ Դա երևում է մեր Միության համայնքներում և գործարաններում։ Այն Եվրոպայի արդյունաբերական կենտրոնական շրջաններում հանգեցնում է ապաարդյունաբերականացման։ Սա անկայուն վիճակ է», - շեշտել է նա։

Ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է ԵՄ-ի կախվածությունը Չինաստանից բազմաթիվ կարևոր նշանակության հանքանյութերի, հատկապես՝ հազվագյուտ հողային մետաղների մասով։

«Մենք պետք է հրատապ կարգով ձեռք բերենք և համալրենք մեր պաշարները», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն կստեղծի կարևորագույն հումքի գծով նոր եվրոպական կորպորացիա՝ օգնելու 27 անդամ պետությունից բաղկացած միավորմանը ձեռք բերել և կուտակել անհրաժեշտ պաշարները։

ԵՀ նախագահը նախկինում մի քանի անգամ սպառնացել է միակողմանի առևտրային պաշտպանական միջոցներ կիրառել, եթե Չինաստանի հետ երկխոսությունը կոնկրետ արդյունքներ չտա։

Եվրոպացիները բանակցություններում առաջընթաց գրանցելու համար որպես վերջնաժամկետ սահմանել են հոկտեմբերը։

Հունիսին ԵՄ ղեկավարները Եվրոպական հանձնաժողովին կոչ էին արել կոնկրետ արդյունքներ ապահովել Չինաստանի հետ երկխոսության միջոցով և երաշխավորել, որ իրենք ունենան իրենց շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում