Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին չի հաջողվել ընդունել Արևմտյան Սահարայի վերաբերյալ բանաձև, ինչի հետևանքով այդ տարածքում ՄԱԿ-ի առաքելության մանդատի գործողությունը կարող է ավարտվել հոկտեմբերի 31-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագիծը նախատեսում էր մեկ տարով երկարաձգել Արևմտյան Սահարայում հանրաքվեի անցկացման հարցով ՄԱԿ-ի առաքելության (MINURSO) գործունեությունը։ Ընդ որում, առաջարկվում էր առաքելության անվանումից հանել հանրաքվեի մասին հիշատակումը և կրճատել Արևմտյան Սահարայում տեղակայված խաղաղապահ զորակազմը։ Փաստաթուղթը նաև ամրագրում էր Մարոկկոյի ինքնավարության հաստատումն այս տարածքում՝ որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միակ հիմք։ Բանաձևի այդ տարբերակին աջակցել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9-ը ոչ մշտական ​​անդամները։

Ռուսաստանը վետո է կիրառել ամերիկյան նախագծի նկատմամբ՝ այն որակելով չափազանց միակողմանի և ինքնիշխանության հարցը կանխորոշող։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի ներկայացրած նախագիծը, որը ենթադրում էր երկարաձգել MINURSO-ի մանդատը՝ առանց որևէ փոփոխության։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառումը բնորոշել է որպես առաքելության «քաղաքական սպանություն»։ Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը նշել է, որ հանրաքվեն չի անցկացվել՝ դրա մասնակիցների որոշման չափանիշների հարցում բազմամյա տարաձայնությունների պատճառով։

Արևմտյան Սահարայի տարածքը վիճելի շրջան է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում։ Այն սահմանակցում է Ալժիրին, Մարոկկոյին և Մավրիտանիային։ Մինչև 1976 թվականը Արևմտյան Սահարան Իսպանիայի գաղութային տիրույթն էր, այնուհետև դրա տարածքի մեծ մասը գրավել է Մարոկկոն։ Մինչև 1991 թվականն ապստամբներն Ալժիրի աջակցությամբ զինված պայքար էին մղում Մարոկկոյի տիրապետության դեմ։ 1991-ին կնքվել էր զինադադար, որը նախատեսում էր անկախության հարցով հանրաքվեի անցկացում։ Այն մինչ օրս տեղի չի ունեցել։

2020 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել էր Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի տարածքում, սակայն ՄԱԿ-ը չէր աջակցել այդ որոշմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում