Վերլուծություն

Ինչ հիմքեր ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները և այդ առթիվ ինչ են քննարկում էլիտաները. քաղաքագետի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Ինչ հիմքեր ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները և այդ առթիվ ինչ են քննարկում էլիտաները. քաղաքագետի վերլուծությունը

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ում որոշակի տարանջատումն ու շահերի բախումը պայմանավորված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության երկու սկզբունքներով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը հանգամանորեն անդրադարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող տարաձայնություններին, ինչպես նաև կառույցի գործունեության հեռանկարներին՝ առկա խնդիրների լույսի ներքո։

«Պատմության ընթացքում Միացյալ Նահանգներն ունեցել է արտաքին քաղաքականության երկու ուղղություն՝ իզիոլյացիոնիզմ (մեկուսացվածություն) և գլոբալիզմ։ Երկար ժամանակ՝ մինչև Երկրորդ աշխարհամարտը, ԱՄՆ-ն հետամուտ էր առաջին ուղղությանը՝ հիմքում ունենալով Մոնրոյի դոկտրինը, այսինքն՝ Ամերիկան ամերիկացիների համար, ուստի չէր միջամտում աշխարհի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին՝ հակամարտություններին ու պատերազմներին։ Նպատակը սեփական երկրի, Արևմտյան կիսագնդի շահերի պաշտպանության վրա կենտրոնանալն էր։ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ԱՄՆ-ն կանգնեց ՆԱՏՕ-ի ստեղծման ակունքներում և դուրս եկավ մեկուսացվածության սկզբունքից՝ անցնելով գլոբալիզմին, հիմք դրեց այն դոկտրինին, ըստ որի՝ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կապ ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ»,- ասաց Քեռյանը։

Նա հիշեցրեց, որ նախագահ Ջո Բայդենի վարչակարգի արտաքին քաղաքականությունը հենվում էր գլոբալիզմի սկզբունքի վրա, սակայն Դոնալդ Թրամփը եկավ իշխանության և նորից վերակենդանացրեց «Ամերիկան ամերիկացիների» համար սկզբունքը։

«Թրամփն անիմաստ է համարում ուկրաինական պատերազմի ֆինանսավորումը և ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի բեռի մեծ մասի կրումը։ Հենց այդտեղից էլ առաջացավ որոշակի տարանջատում, որովհետև Միացյալ Նահանգների ներկա վարչակարգը գտնում է, որ տասնյակ տարիներ շարունակ ԵՄ երկրների անվտանգության պահպանման և առհասարակ ՆԱՏՕ-ի պահպանման վրա միլիարդավոր, նույնիսկ մի քանի հարյուր տրիլիոնների հասնող գումարներ են ծախսվել, սակայն ԱՄՆ-ն դրանից ցանկալի օգուտներ չի ստացել։ Սա զուտ բիզնես մտածողությամբ առաջնորդվող մարդու պրագմատիկ մոտեցում է։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Թրամփը փորձում է Միացյալ Նահանգների ուսերից դեն նետել այդ բեռը»,- պարզաբանեց Քեռյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ միանշանակ չի կարելի ասել, որ մեկուսացվածության սկզբունքին անցնելը Թրամփի մոտ հաջողվում է, քանի որ նա մի շարք արտաքին քաղաքական գործողություններում խախտել է այդ սկզբունքը։

«Մերձավորարևելյան ճակատում Իրանի դեմ պատերազմի սանձազերծումը, Գրենլանդիայի վերահսկողության հարցը, Վենեսուելայում իրականացված գործողությունը, Պանամայի ջրանցքի վերահսկողության ստանձնումը ցույց են տալիս, որ Թրամփը երբեմն մի բան ասում է, բայց որոշ ժամանակ անց կատարում է բոլորովին հակառակ քայլեր։ ՆԱՏՕ-ի մեջ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների միջև տարանջատումը հատկապես խորացավ իրանական պատերազմի ժամանակ, երբ ԵՄ առաջատար պետությունները հրաժարվեցին օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմում»,- ասաց Քեռյանը։

Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի համատեղ հայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ նվազեցնելու համար իր երկարատև կախվածությունը ամերիկյան անվտանգության հովանոցից՝ Քեռյանն ընդգծեց, որ տվյալ հարցը նոր չէ և պարբերաբար շրջանառվել է Երկրորդ աշխարհամարտից հետո։

«Միշտ եղել է երկու տեսակետ։ Մեկն այն է, որ ԵՄ-ն պետք է ունենա սեփական անվտանգային կառույցներ։ Հատկապես 1940 թվականից հետո, երբ արևմտաեվրոպական հինգ առաջատար պետությունների միջև կնքվեց Բրյուսելյան պակտը, գերիշխող դարձավ այն տեսակետը, որ Եվրոպան պետք է ունենա իր անվտանգային համակարգը, իր բանակը, սակայն եվրոպական համայնքի այդ թեզը մշտապես բախվել է ԱՄՆ-ի եվրաատլանտյան անվտանգության կոնցեպտին։ Երկու միտումների միջև միշտ պայքար եղել է, բայց միշտ հաղթել է եվրաատլանտիզմը, հետևաբար ԵՄ-ն այդպես էլ եվրոպական ՆԱՏՕ չստեղծեց ու մինչև օրս ԱՄՆ-ի ու Կանադայի հետ գտնվում է մեկ ընդհանուր համակարգի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը։

Քեռյանը հավելեց, որ ուկրաինական հարցում, Գրենլանդիայի հարցում և մի շարք այլ խնդիրներում, հատկապես Չինաստանի հետ կապված հարցում Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները ցուցաբերում են տարբեր մոտեցումներ, ուստի նորից գլուխ է բարձրացրել այն թեզը, որ Եվրոպան պետք է ունենա ոչ միայն ընդհանուր տնտեսական տարածություն, այլև սեփական զինված ուժեր։

«ՆԱՏՕ-ի ստեղծումից հետո մինչ օրս եվրոպական առանձին պաշտպանական համակարգի ու բանակի ստեղծման թեզը երբեք դուրս չի եկել օրակարգից։ Եղել են ժամանակներ, երբ այն մարել է, հետո նորից քննարկումներն ակտիվացել են, և հիմա, երբ արդեն զգալի են ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեցող տարաձայնությունները, բնականաբար, եվրոպական էլիտաները վերստին քննարկում են առանձին ռազմաքաղաքական պաշտպանական, կոլեկտիվ անվտանգային կառույց ունենալու ծրագիրը»,- եզրափակեց Քեռյանը։    

Անկարայում հուլիսի 7-8-ը տեղի ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հերթական գագաթնաժողովը, որի արդյունքներով անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են հրապարակել, որում անդրադարձ կա դաշինքի պաշտպանությանը, Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին, Ուկրաինային աջակցությանը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և Իրանին։

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները նշել են, որ դաշինքի եվրոպական անդամները և Կանադան, ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, պետք է ստանձնեն դաշինքի պաշտպանության համար ավելի մեծ պատասխանատվություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում