Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

7 րոպեի ընթերցում

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Ֆրանսիայում ստեղծվել է բավականին յուրահատուկ իրավիճակ, սակայն նախկինում նման իրավիճակներ նույնպես եղել են։ Յուրահատկությունն այն է, որ Ֆրանսիայի նախագահը ներկայացնում է մի քաղաքական ուժ, բայց փաստացի արտահերթ ընտրություններում նրա քաղաքական ուժը չի ստացել բացարձակ մեծամասնություն, հետևաբար չի կարող առաջադրել վարչապետի թեկնածու։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով Ֆրանսիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ 

«Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանությունը երկրում երկգլխանի է։ Ճիշտ է՝ նախագահն ունի ավելի մեծ լիազորություններ, քան վարչապետը, և երկիրը կոչում են նախագահական կամ կիսանախագահական, բայցևայնպես գործադիր իշխանության իրականացման մեջ լուրջ դերակատարում ունի նաև վարչապետը։ Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն, երբ նախագահն ու վարչապետը ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, մանավանդ որ վերջինն ընդդիմադիր է»,- ասաց Քեռյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ նախկինում նույնպես առաջացել են նման իրավիճակներ, երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստիպված էր հանդուրժել սոցիալիստ վարչապետի, իսկ Ֆրանսուա Միտերանը՝ աջ հանրապետական կուսակցության թեկնածու վարչապետի ներկայությունը։

«Ժամանակին քաղաքական անկայունության այս աղբյուրը վերացնելու համար Ֆրանսիայում իրականացվեց բարեփոխում և նախագահի յոթամյա պաշտոնավարման ժամկետը փոխարինվեց հնգամյա ժամկետով, որպեսզի խորհրդարանական և նախագահական ընտրությունները ժամանակային առումով մոտ լինեն այնքան, որ բոլոր թեկնածուները լինեն հաղթող քաղաքական ուժի ներկայացուցիչներ։ Բայց փաստացի ներկա պահին համաեվրոպական ընտրություններում Մակրոնի կուսակցությունը պարտվեց, նախագահը ցուցաբերեց չկանխատեսված քայլ և անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կորցրեց մեծամասնությունն Ազգային ժողովում։ Ստեղծվեց նույն իրավիճակը, ինչ Շիրակի և Միտերանի օրոք»,-ասաց քաղաքագետը։

Քեռյանը դժվարացավ ասել, թե ինչպես կհանգուցալուծվի ներքաղաքական թնջուկը Ֆրանսիայում, բայցև նշեց, որ ամեն դեպքում ձախերի դաշինքի թեկնածուն կառաջադրվի վարչապետի պաշտոնում։  

«Հնարավոր է նաև փոխզիջումային այլ հանգուցալուծում, երբ ձախերը գնան դաշինքի Մակրոնի կուսակցության հետ և կատարվի վարչապետի ու նախարարների հանգուցային պաշտոնների համապատասխան բաժանում երկու քաղաքական ուժերի միջև։ Դրա տրամաբանությունն իհարկե այն է, որ թույլ չտան կոալիցիա աջ ծայրահեղական Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի դաշինքի հետ։ Բայց դա քիչ հավանական է, որովհետև ձախերն ու աջերը գաղափարախոսությամբ և քաղաքական կուրսի առումով բավականին տարանջատվող ուժեր են, իսկ  ահա Մակրոնի և Մելանշոնի դաշինքների միջև համագործակցությունը միանգամայն հնարավոր է։ Հակառակ դեպքում ոչ մի քաղաքական ուժ չի կարողանա կազմել կառավարություն, որովհետև ընտրություններում ոչ ոք չի հավաքել 50 տոկոս + մեկ ձայն»,-ասաց Քեռյանը։

Նրա կարծիքով՝ Մակրոնի կուսակցության քաղաքական նահանջն ու աջ ծայրահեղականների առաջընթացը պայմանավորված են գլխավորապես Ֆրանսիայի կառավարության կողմից վարվող միգրացիոն քաղաքականությամբ։ 

«Ֆրանսիայում վերջին տարիներին բավականին սրվել է միգրացիոն ճգնաժամը, քանի որ ներգաղթյալները նորանոր խնդիրներ են ստեղծում այդ երկրում։ Այդ հանգամանքը նպաստում է կենտրոնամետ ուժերի հեղինակազրկմանը, որովհետև Լը Պենի կուսակցությունն է, որ պահանջում է խիստ ռեժիմ սահմանել և երկիրը մաքրել անօրինական ներգաղթյալներից՝ ֆրանսիական մշակույթն ու էթնիկ ինքնությունը փրկելու նպատակով։ Շարքային ֆրանսիացիներն իրենց բնակավայրերում տեսնում են աֆրոասիացի ներգաղթյալների ճնշման արդյունքում առաջացած անհարմարությունները, ուստի ընտրություններում իրենց ձայները տալիս են հենց Լը Պենի կուսակցությանը՝ փորձելով այդ կերպ ազդել ֆրանսիական իշխանությունների վրա՝ ներգաղթյալների հանդեպ առավել խիստ ռեժիմ սահմանելու պահանջով։ Իհարկե, կա նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդացումը։ Թոշակային տարիքի բարձրացման նախաձեռնությունն էականորեն ազդեց Մակրոնի կուսակցության իմիջի վրա։ Երկրում կրճատվում են այն միջոցները, որոնք կարող էին ուղղվել բնիկ ֆրանսիացիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուն»,-ասաց քաղաքագետը։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կզարգանան հայ-ֆրանսիական հարաբերություններն ընտրություններից հետո, Քեռյանն ընդգծեց, որ կտրուկ փոփոխություններ չեն լինի, որովհետև հայ-ֆրանսիական հարաբերություններն այդ երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մեջ չեն։

«Պարզապես կա մի ենթատեքստ, որը նույնն է ԵՄ բոլոր պետությունների պարագայում՝ օժանդակել բոլոր այն երկրների իշխանություններին, որոնք ունեն առավել անկախ կամ առավել հակառուսական դիրքորոշում։ Այդ պատճառով է, որ ֆրանսիացիները բավականին լավ են տրամադրված նաև Հայաստանի նկատմամբ, քանի որ ցանկանում են արևմտամետ վարչակարգերի արտաքին քաղաքական վեկտորը փոխել դեպի Արևմուտք, դեպի Եվրամիություն։ Եթե նույնիսկ Ֆրանսիայում կազմվի ձախերի կառավարություն Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, վերոհիշյալ գերակայությունները կպահպանվեն։ Բայց հարցն, ըստ էության, մեծ հնչեղություն չունի Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ։ Դրանում հանգուցայինը Ֆրանսիայի անուղղակի մասնակցությունն է ռուս-ուկրաինական հակամարտությանը և ռազմական օժանդակությունը Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի»,-եզրափակեց Գարիկ Քեռյանը։ 

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է և Ազգային ժողովում ստացել 182 տեղ։ Այդ մասին վկայում են Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները:

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը», որը ստացել է 143 մանդատ։ 

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 %։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում