Քուվեյթը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
2 րոպեի ընթերցում

Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ այս պատմական քայլը կնպաստի երկու երկրների միջև նոր էջի բացմանը՝ ուղղված դեպի ավելի մեծ կայունությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Քուվեյթի Արտաքին գործերի նախարարության X-ի հարթակում։
Քուվեյթի ԱԳ նախարարությունը վերահաստատել է Քուվեյթի աջակցությունը հակամարտությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու և կարգավորելու՝ տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214496