Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը
2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:
Ձեռք են բերվել Էլեկտրոթերմի արտադրության 25 տոննա տարողությամբ 2 ինդուկցիոն վառարաններ, շարունակական գլոցման մեքենա և ամրան արտադրող հոսքագիծ: Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:
Կառուցվել է 40.000 կՎԱ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայան, 110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծ և նոր բջիջ «Արարատ 2» կայանում:
Հիշեցնենք, որ ի սկզբանե մետալուրգիական գործարանը կառուցվում էր Երասխում՝ շփման գծից 800 մետր հեռավորության վրա։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց՝ 2023 թվականի հունիսի 14-ին, Ադրբեջանը կրակել էր կառուցվող գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի:
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, գործարանը ռեղափոխվել և կառուցվել է Արարատի մարզի Արարատ գյուղում։