Եվրոպա

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

3 րոպեի ընթերցում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը, ինչի մասին հունիսին հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։

«Այսօր Պատերազմի նախարարությունը մեկնարկել է Եվրոպայի դիրքորոշման վերանայումը, որի մասին նախարար Հեգսեթը հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վերջին հանդիպման ժամանակ: Ինչպես այն ժամանակ նշել էր նախարարը, սա կլինի իրական վերանայում, որը նախատեսված է ապահովելու, որ ՆԱՏՕ-ն արագ և անշրջելիորեն շարժվի դեպի այն կետը, երբ Եվրոպան կստանձնի սովորական սպառազինություններով իր պաշտպանության հիմնական պատասխանատվությունը», - նշված է գրառման մեջ։

Քոլբիի խոսքով՝ վերանայման մեկ այլ նպատակ է «լիովին վերականգնել ՆԱՏՕ-ի՝ որպես հզոր ռազմական կազմակերպության բնույթը ՆԱՏՕ 3.0-ի միջոցով»։

«Սա ՆԱՏՕ-ն կդնի երկարաժամկետ և կայուն հաջողության ուղու վրա, հատկապես, երբ մենք հաղթահարում ենք մարտահրավերները գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում», - ընդգծել է ԱՄՆ պատերազմի փոխնախարարը։

Նա նաև նշել է, որ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության վերանայումը կարտացոլի ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության 2025 թվականի և Ազգային պաշտպանության ռազմավարության 2026 թվականի դրույթները և կպարունակի «տարբերակների մի շարք, որոնք հիմնված են ամուր ռազմավարության, ամուր փորձարարական հիմքի և աշխարհաքաղաքական ու ռազմական իրողությունների հստակ ըմբռնման վրա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցներին «պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ ԱՄՆ քաղաքավարի խնդրանքները երկարատև անպատասխան թողնելու» համար։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ 2025 թ. հունիսին Հաագայում կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները համաձայնել էին մինչև 2035 թվականը ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3,5 տոկոսի և ՀՆԱ-ի լրացուցիչ 1,5 տոկոսը հատկացնել պաշտպանության հետ կապված ծախսերին։ Նախկինում նպատակը 2 տոկոս էր։

Մայիսին Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել էր, որ «երկարաժամկետ հեռանկարում» եվրոպական ռազմական ուժերի կուտակման ֆոնին պետք է սպասել ամերիկյան զորքերի վերաբաշխում աշխարհի այլ տարածաշրջաններում:

«Ես չեմ կարող ճշգրիտ ժամանակացույց նշել. սա բազմամյա գործընթաց է», - հավելել էր նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում