Պաղեստինի Պետության ճանաչումը տեղի կունենա, երբ կմերձենան աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումները. Գարիկ Քեռյան
8 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Պաղեստինի Պետության համընդհանուր ճանաչումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այն ժամանակ, երբ մերձենան աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումները, իսկ այս փուլում առկա են ավելի շատ հակասություններ, քան ընդհանրություններ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը հանգամանորեն անդրադարձավ Պաղեստինի Պետության հնարավոր ճանաչման խնդրին հատկապես վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։
Քաղաքագետի պնդմամբ՝ մերօրյա իրողությունները խորությամբ ընկալելու համար անհրաժեշտ է հայացք դարձնել պատմական օրինաչափություններին, միջազգային հանրության կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և հատկապես այն հարցին, թե ինչու դրանք կյանքի չեն կոչվել՝ սրելով տասնամյակներ շարունակվող արաբաիսրայելական հակամարտությունը։
«Մեծ Բրիտանիան, որին միշտ հետաքրքրել են նավթի հոտը, մեծ փողերն ու ազդեցության գոտիները, դեռևս 1947 թվականին հրաժարվեց Պաղեստինի մանդատից՝ գիտակցելով, որ խրվում է բավականին բարդ հակամարտության մեջ։ Այդ ժամանակ առաջ քաշվեց երկու բանաձև՝ բրիտանական և ամերիկյան։ Առաջին նախագծով նախատեսվում էր Պաղեստինում ստեղծել միասնական պետություն, որը պետք է բաղկացած լիներ ինքնակառավարվող երկու համայնքներից՝ արաբական և հրեական։ Բայց քանի որ հրեաներն արդեն բավականին ուժեղ ազդեցություն ունեին ԱՄՆ-ի կառավարության քաղաքական դիրքորոշման վրա, որը պահպանվում է մինչ օրս և հետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղորդողը եղել է և կա ստվերային հրեական լոբբին, ուստի ամեն ինչ համապատասխանեցվեց Իսրայելի շահերին ու մերժվեց բրիտանական առաջարկը»,- նշեց Քեռյանը։
Նրա խոսքով՝ արդյունքում սեղանին դրվեց ամերիկյան առաջարկը, ըստ որի՝ Պաղեստինը բաժանվում էր երեք, այլ ոչ թե երկու մասերի, ինչը սխալմամբ նշում են շատ փորձագետներ ու վերլուծաբաններ։ Առաջին մասը կազմելու էր հրեական պետությունը՝ ընդգրկելով Պաղեստինի տարածքի 66 տոկոսը, երկրորդ մասը կազմելու էր արաբական պետությունը (42 տոկոս), իսկ տարածքի երկու տոկոսը լինելու էր հատուկ գոտի՝ դրվելով ՄԱԿ-ի խնամակալության ներքո, որը չէր պատկանելու ո՛չ արաբներին, ո՛չ հրեաներին։ Այդ գոտում ընդգրկվեցին սուրբ քաղաքներ Երուսաղեմն ու Բեթղեհեմը՝ որպես համաշխահային կրոնների կենտրոններ, որոնց տիրելու համար կողմերը չպետք է հակամարտեին։ Արդյունքում ՄԱԿ-ը հաստատեց ամերիկյան բանաձևը։ Հետագայում Իսրայելը ճանաչվեց, իսկ արաբական պետությունն այդպես էլ նման բախտի չարժանացավ։
«Այդ հանգամանքն էլ նպաստեց արաբաիսրայելական հակամարտության սրմանը։ Պաղեստին պետության ճանաչումն իրականություն չի դառնա, որովհետև նախ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հիմնական անդամները՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեռ չեն ճանաչել Պաղեստինի արաբական պետությունը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, քանզի խոսքն ամերիկյան բանաձևի մասին է։ Նկատի ունենալով Միացյալ Նահանգներ-Իսրայել դաշնակցությունը և այն, որ միջազգային իրավունքն, ըստ էության, չի գործում, ՄԱԿ-ն էլ դարձել է ամորֆ կազմակերպություն, հետևաբար առանձին պետությունների ճանաչումը չի կարող բերել լուրջ փոփոխությունների»,- ասաց Քեռյանը։
Անդրադառնալով այն իրողությանը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն իսկ հայտարարել է սեպտեմբերին Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Ֆրանսիան դիմում է այդ քայլին, քանզի միշտ առաջնորդվել է մարդասիրական գաղափարներով։
«Գազայի հատվածում վերջին շրջանում ականատես եղանք արաբների ցեղասպանության, իսկ Ֆրանսիան միջազգային քաղաքականության մեջ միշտ աչքի է ընկել իր հումանիստական կերպարով, և եթե այսօր չդատապարտի Գազայի հատվածում տեղի ունեցողն ու չճանաչի Պաղեստինի Պետությունը, ապա ինչ-որ առումով կկորցնի իր պատմական, բարոյական դեմքը։ Բայց եթե շատ պետություններ հետևեն Ֆրանսիայի օրինակին, ի՞նչ կփոխի դա։ Այսօր ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր գերտերությունն է, նրա դաշնակից Իսրայելը նույնպես ունի միջուկային զենք, այնքան F-16 և Ֆ-35 կործանիչներ, որ կարող է միաժամանակ պատերազմել տարածաշրջանի շատ պետությունների դեմ ու հասնել առավելության»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Քեռյանի կարծիքով՝ այդ ռազմական դիսբալանսը ցույց է տալիս, որ ցանկացած ճանաչում, կոչ, բանաձև մնալու են թղթի վրա։ Նա հիշեցրեց, որ Թրամփն իր կառավարման առաջին շրջանում կատարեց առաջին բեկումը և, խախտելով հենց ամերիկյան վերոհիշյալ բանաձևը, Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Այնուհետև Թրամփը ներկայացրեց հակամարտության լուծման իր ծրագիրը, որտեղ շատ հետաքրքիր ձևով միմյանց կապում էր Պաղեստինի արաբական տարածքները՝ դրանք առանձնացնելով հրեական տարածքներից։
«Բայց այդ ծրագիրը չընդունվեց ո՛չ արաբների, ո՛չ էլ հրեաների կողմից։ Ամբողջ աշխարհը գտնում է, որ լուծումը երկու պետության ստեղծումն է, բայց այդ տեսակետն Իսրայելը չի ընդունում և ամեն կերպ ձգտում է արաբներին տարհանել Պաղեստինից, թեև նույնիսկ ներկայիս պատերազմը թույլ չի տալիս իրականացնել այդ քայլը»,-նշեց քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ՝ երկու պետությունների ստեղծման դեպքում ծագում է հաղորդակցությունների խնդիրը, այսինքն՝ Հորդանան գետի արևմտյան արաբական տարածքներն ինչպե՞ս են կապվելու Գազայի հետ, կամ ինչպե՞ս են արևմտյան ափի տարածքները դուրս գալու դեպի ծով, ո՞ր նավահանգստով, Պաղեստինի արաբական անկլավներն ինչպե՞ս են տարանջատվելու հրեական տարածքներից, ինչպե՞ս է լուծվելու Երուսաղեմի արաբաբնակ և հրեաբնակ հատվածների հարցը, որովհետև այնտեղ էլ իրավիճակը բավականին լարված է։
«Միանշանակ ասել, որ հստակ իրականանալի բանաձև կամ ծրագիր կա, այդպես չէ, բայց 2000-ականներին Շվեդիայի ու Ավստրիայի միջնորդությամբ փորձագիտական խմբերը մշակել էին ճանապարհային քարտեզ, որի իրականացմամբ կամրագրվեր հակամարտության ավարտը։ Խելացի պլան էր, առավել ևս, որ դա խաղաղության հասնելու մարդկային մղումով կազմել էին ոչ թե կառավարող, պաշտոնական շրջանակները, այլ արաբ և հրեա անկախ փորձագետները։ Մի պահ այն իրականացվեց, սակայն շատ կարճ ժամանակ անց բախումները վերսկսվեցին։ Արաբները որդեգրեցին Ինթիֆադան՝ ահաբեկչական անհնազանդ գործողություններն ընդդեմ Իսրայելի կառավարության, հետևաբար ամեն ինչ տապալվեց»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի կարծիքով՝ առհասարակ պաղեստինյան խնդրի չլուծման մեղքը մեծապես նաև հենց արաբական երկրների ուսերին է։ Նրանցից Պաղեստին պետությունը լիարժեք ճանաչել են միայն Եգիպտոսն ու Հորդանանը։ Ըստ Քեռյանի՝ եթե ժամանակին ամբողջ արաբական աշխարհը ճանաչեր Պաղեստինի Պետությունը, գուցե, Իսրայելն էլ ստիպված դիմեր այդ քայլին։
«Երկբևեռ աշխարհում պաղեստինյան խնդրի կարգավորված չլինելու հանգամանքը կապված էր խորհրդաամերիկյան հակամարտության հետ, իսկ հիմա պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտությամբ։ Աշխարհաքաղաքական բևեռները դեռ մոտ չեն հանգուցալուծմանը։ Եթե դիրքորոշումները մերձենան, գուցե, ինչ-որ տարբերակ կպարտադրվի կողմերին»,- եզրափակեց քաղաքագետը։
