Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

Լիբանանի հարավում գտնվող Ալի-էտ-Թահեր բարձունքների վրա Իսրայելի զինվորականների վերահսկողության հաստատումը չի հանգեցնի «Հեզբոլլահ» կազմակերպության դիմադրության դադարեցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ»-ի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Իհաբ Համմադեն, որի մեկնաբանությունը ներկայացրել է Naharnet լրատվական կայքը։

«Իսրայելի կողմից լեռնային այս շրջանի գրավումը ռազմական առումով աղետ չէ մեզ համար, և չի նշանակում պայքարի ավարտ»,- նշել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն այս բարձունքներում ավելի քան երեք ամիս աննկուն դիմադրում էին հակառակորդի գերակշռող ուժերին։

Համմադեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Իսրայելը դեռևս չի տրամադրել զենքի խոշոր պաշարների գրավումը և դիմադրության մարտիկների վերացումը հաստատող լուսանկարներ։

Սեպտեմբերի 3-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավային Նաբաթիե նահանգում գտնվող Ալի-էտ-Թահեր բարձունքների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն սահմանելու և դրանք «Հեզբոլլահ»-ի զինված ջոկատներից մաքրելու մասին։ Հրամանատարության ներկայացուցիչը հայտնել էր, որ ստորգետնյա թունելներում կառուցվել էին հրամանատարական կետեր, զենքի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև բնակելի տարածքներ, ինչը շիա զինյալներին թույլ էր տալիս երկար ժամանակ մնալ ստորգետնյա ապաստարաններում և այնտեղից ղեկավարել ռազմական գործողությունները: Իսրայելական կողմի պնդմամբ՝ այս ստորգետնյա ենթակառուցվածքը ստեղծվել է 20 տարվա ընթացքում և ենթադրաբար ֆինանսավորվել է Իրանի կողմից:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում