Մերձավոր Արևելք

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի վրա «ճշգրիտ» հարված հասցնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսնակը հայտնել է X-ի գրառման մեջ։

«Մեր զինված ուժերը հաջողությամբ բալիստիկ հրթիռով թիրախավորեցին թշնամի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը։Նրանք նաև հաջողությամբ մի շարք անօդաչու թռչող սարքերով գործողություն իրականացրին արևելքում և արևմուտքում գտնվող հում նավթի պոմպակայանների ուղղությամբ»,- նշվել է գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ խոսնակը նշել է, որ Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով երկու ռազմական գործողություն են իրականացրել Ադենի նահանգի Սալահ ադ-Դին շրջանում և Լահջ նահանգի ալ-Վահաթ շրջանում՝ թիրախավորելով սաուդական զորքերի հավաքատեղիներն ու զենքի պահեստները: Ըստ խոսնակի՝ հարվածների հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ են արձանագրվել, ոչնչացվել և այրվել են մի շարք տրանսպորտային միջոցներ և զենքի պահեստներ:

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային 24 ժամվա ընթացքում Եմենի տարբեր նահանգներում առնվազն 56 ավիահարված հասցնելու մեջ։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին իր հերթին X-ի գրառման մեջ հայտարարել է, որ կոալիցիայի ուժերը ոչնչացրել են հութիների կողմից բալիստիկ հրթիռներ պահելու համար օգտագործվող հինգ թունել և բալիստիկ հրթիռներ արձակելու համար օգտագործվող չորս հարթակ։ Նա նաև հայտարարել է հրթիռային պահեստի վրա հարձակման մասին և նշել, որ «հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հութի զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքների միջև մատակարարման ուղիները կտրելու վրա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում