Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի միջուկային համաձայնագիրը, որը կնքվել է հուլիսին, ներառում է թագավորության տարածքում մինչև 20% ուրանի հարստացման պլան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ամերիկացի օրենսդիրների քննարկմանը ներկայացված փաստաթղթերին։

Հրատարակությունը նշում է, որ համաձայնագրի և դրա հետ կապված փաստաթղթերի նոր մանրամասների համաձայն՝ այն նախնական փուլում «կանաչ լույս» չի տալիս Սաուդյան Արաբիայի տարածքում ուրանի հարստացման համար, բայց նկարագրում է մի շարք քայլեր, որոնք կարող են թույլ տալ մի քանի տարվա ընթացքում սկսել հարստացման գործարանի կառուցման աշխատանքը։

Ինչպես նշում է թերթը, եթե ամերիկացի և սաուդցի պաշտոնյաները համաձայնության գան հարստացման անհրաժեշտության շուրջ, ապա ամերիկյան ընկերությունները և նրանց արտասահմանյան մատակարարները կկառուցեն ձեռնարկություն, որն ուրանը կհարստացնի մինչև 5%։ Երկու կողմի հետագա հետազոտությունները կարող են հանգեցնել ուրանի հարստացման մինչև այն մակարդակ, որը մոտենում է 20%-ին։ Այս մակարդակի հարստացումը կարող է անհրաժեշտ լինել փոքր մոդուլային քաղաքացիական ռեակտորի սնուցման համար, սակայն այն կմեծացնի միջուկային նյութերի՝ ռազմական նպատակներով վերաուղղորդման ռիսկը, եթե վերահսկողության խիստ միջոցներ չսահմանվեն, ընդգծում է թերթը։

Այս առումով WSJ-ը նշում է, որ Սաուդյան Արաբիային քաղաքացիական միջուկային ծրագիր տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համաձայնագրի նոր մանրամասները քննադատության տեղիք են տալիս այն առումով, որ այս նշանավոր գործարքը բավարար չափով չի կանխում միջուկային զենքի տարածման ռիսկը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագիրը թույլ չի տա ուրան հարստացնել Սաուդյան Արաբիայում, սակայն հուլիսին նա ստորագրեց հուշագիր՝ հավանություն տալով համաձայնագրին և ուրանի հարստացման հնարավոր ուղուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում