Մերձավոր Արևելք

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Եմենի կառավարական ուժերը տարածքներ են կորցրել հութիների հետ բախումների հետևանքով

Եմենի կառավարական ուժերն «Անսար Ալլահ» շարժման հութիների հետ տեղի ունեցած մարտերում երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզի նահանգում մի քանի տարածքի վերահսկողություն են կորցրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Ամենաթեժ մարտերը տեղի են ունեցել հիմնականում երկու շրջաններում՝ ալ-Բարահում և Մակբանայում:

Ըստ հեռուստաալիքի՝ Թաիզում և ալ-Մոխայում տեղակայված զորքերի մատակարարման համար կառավարության կողմից օգտագործվող հիմնական ճանապարհը կարող է սպառնալիքի տակ լինել։ Փորձագետների կարծիքով՝ եթե հութիներին հաջողվի կտրել հիմնական մատակարարման գիծը, ապա նրանք կարող են նաև փորձել գրավել ալ-Մոխան։

Բախումներ են տեղի ունեցել նաև Եմենի ալ-Ջաուֆի շրջանում՝ կառավարական ուժերի անակնկալ հարձակումից հետո։ Կառավարական ուժերը հարվածել են հութիների զորքերին և զենքի պահեստներին: Զինվորականները նաև հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործել նրանց դեմ։

Տեղեկություններ են հաղորդվում, որ կառավարության դաշնակից Ազգային դիմադրության ուժերը ծանր մարտեր են մղել հութիների դեմ ափամերձ Հոդեյդայի նահանգում, որը ռազմավարական նշանակություն ունի։

Եմենում հակամարտությունը սկսվել է 2014 թվականին, սակայն 2022 թվականից ի վեր իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Հուլիսի սկզբից կառավարական ուժերի և հութիների միջև մարտերը սրվել են երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Եմենի կենտրոնում գտնվող Մարիբի և մի քանի այլ նահանգներում։

Հուլիսին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ ի պատասխան Եմենի նավահանգիստների շրջափակման և Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման։ Շրջափակումը վերաբերում է դեպի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ և նավահանգիստներից դուրս եկող բոլոր ծովային փոխադրումներին։ Արդյունքում, հութիների գործողությունները զգալի դժվարություններ են ստեղծել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով տարանցիկ անցնելու փորձ կատարող սաուդական նավերի համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում