Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա պնդել է, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի քրեական հետապանդման իրականացման մասին, հետեւաբար մինչ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկության կատարումը՝ այդ կերպ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելը ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում պետք է ներկայացներ միջնորդագիր Լևոն Քոչարյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, ինչը սակայն չի կատարվել։
Փաստաանը եկել է այն եզրահանգման, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն իրականացնելը կրել է անօրինական բնույթ։
«Բացի այդ, դատարանի որոշումը, որով թույլատրվել էր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարել, իր մեջ պարունակում է բացառապես օպերատիվ տվյալների հիման վրա եզրահանգումներ, այնինչ վիճարկվող որոշումից հետևում է, որ այդ օպերատիվ տվյալները չստուգված են և առհասարակ չգնահատված են, ինչը ևս ապօրինի է դարձնում դատարանի որոշումը»,- պնդել է Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օգոստոսի 25-ին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ էր իրականացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակի հասնող հասցեներում։ Իրավապահները խուզարկել էին նաև Լևոն Քոչարյանի բնակարանը։