Իրավունք

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 2026 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը։

Ըստ դատախազության՝ Գ.Գ.-ն միջոցներ չի ձեռնարկել ենթակա ստորաբաժանումները կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ ու ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում նա անմիջականորեն, ինչպես նաև ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ։

Դատախազության փոխանցմամբ՝ առանց նախազգուշացման կիրառվել են ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Դրանց կիրառման հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

«Դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում