Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը
2 րոպեի ընթերցում

Թեհրանը ողջունել է Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, որը կարող է կայանալ հոկտեմբերին Թուրքմենստանի Ավազա քաղաքում անցկացվելիք համաժողովի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Աշխաբադում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին։
«Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ավազայի համաժողովին մասնակցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հանդիպումը մեզ համար նշանակալի իրադարձություն է, և մենք ջերմորեն ողջունում ենք այն, սակայն դա կախված կլինի նման քաղաքական հանդիպումների համար նախատեսված ժամանակացույցից և հատկացված ժամանակից»,- ասել է Ռուզբեհանին։
Ըստ դեսպանի՝ կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Իրանի և Ռուսաստանի ղեկավարները կարող են հանդիպել՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը։ Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է նաև համաժողովին մասնակցող այլ երկրների ղեկավարներին։
Ռուզբեհանին նաև հայտնել է, որ Իրանի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Ավազայում կայանալիք միջոցառումներին և ջերմորեն ողջունել է դրանց նշանակությունը։ Ներկայումս ընթանում են Իրանի նախագահի՝ Թուրքմենստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։
Խոսքը նաև Թուրքմենբաշի քաղաքում հոկտեմբերի 7-9-ը նախատեսված միջոցառումների մասին է, որոնք ներառում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև Կասպից ծովի բնապահպանական գագաթնաժողովը։