Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան
1 րոպեի ընթերցում

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ավետիսյանի համար ԵԱ-ի ոսկե մեդալի արժանանալն անսպասելի արդյունք էր։
«Իսկապես անսահման ուրախ եմ, որ վերջապես ինձ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն՝ այսքան փուլերից հետո։ Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր, որովհետև հույն մարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասն օղակների վարժությունում բազմափորձ է։ Միջազգային մրցաշարերում, լինի դա աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններում, մեդալ նվաճելը միշտ էլ ոգեշնչող է։ Նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունից հետո, երբ դարձա բրոնզե մեդալակիր, սկսեցի ինքս ինձ ավելի շատ հավատալ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ավետիսյանը։
Մարզիկը շեշտեց, որ հիմա առավել շատ պիտի աշխատի, որպեսզի այս արդյունքով չբավարարվի և էլի առաջ գնա։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 21-ին կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14,400 միավոր՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։