Հայաստան

Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

3 րոպեի ընթերցում

Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

«Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։ Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում և Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում ու Նյու Յորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, սակայն 1989 թվականից ճանապարհը նրան նորից Հայաստան է բերում։

«Իմ հայրը ինձ հայրենասիրական ոգով է մեծացրել և իմ երազանքն էր Հայաստան գալը։ Չնայած մեծ կարիերա ունեի արտասահմանում, բայց երբ երկրաշարժը եղավ, ամեն ինչ մոռացա, եկա հայրենիք։ Սկսեցի գործունեությունս «Այո՛ անկախությանը» ճանապարհին։ Մեր հանրապետության հիմնը, եռագույնը, զինանշանը ինձ համար սուրբ էր»,-հիշում է Ճգնավորյանը։

Մաեստրոյի համար քաղաքացիությունն ու ինքնությունը երկու տարբեր հարթություններ էին։ Քաղաքացիությունը՝ պետության հետ կայուն իրավական կապի, իսկ հայ լինելը՝ ինքնության հարց էր։

«Չնայած ժողովուրդն ինձ ընդունում է, բայց լավ կլիներ ես էլ հայրենիքիս անձնագիրն ունենայի, դիմեցի և փառք Տիրոջը, որ կատարվեց երազանքս։

Շատ հուզիչ էր ինձ համար, որովհետև երբ հնչեց օրհներգը, տեսա դրոշն ու զինանշանը, հիշեցի, որ ժամանակին հենց այդ խորհրդանիշների համար եմ պայքարել Ազգային ժողովում՝ դրանք ժողովրդին ներկայացնելով ու պաշտպանելով։ Եվ այսօր, հենց այդ խորհրդանիշների ներքո, ինքս երդում տվեցի հայրենիքիս՝ մնալ նրան հավատարիմ»,-նշում է նա։

Տարիներ անց մաեստրոն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Այն կապը, որը տարիներ շարունակ գոյություն ուներ նրա ստեղծագործության, գործունեության ու ինքնության մեջ, այժմ ամրագրված է նաև իրավական մակարդակում։ Եվ եթե տարիներ շարունակ նա Հայաստանն իրենն էր համարում, ապա այսօր այդ պատկանելությունը հաստատված է նաև իրավականորեն։

«Ես որբ եմ մեծացել։ Զարմանալի է՝ երբեք երկիր չեմ ունեցել․ Պարսկաստանում հայ էի, Հայաստանում պարսիկ էի, օտար երկրներում՝ օտար։ Երբևիցե չեմ հասկացել՝ երկիր ունենալն ինչ է նշանակում։ Երկիր չեմ ունեցել։ Ես ինձ հայաստանցի եմ զգացել, և երբ հեռացա այստեղից, ինձ համար մեծ կորուստ էր։ Իսկապես որբություն զգացի։ Մեկ շաբաթ է, ինչ զգում եմ, որ երկիր ունեմ։ Եվ շնորհակալություն»,- ասել է կոմպոզիտորը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում