Տնտեսություն

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել առավել շոշափելի տնտեսական արդյունքների՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում և առավել արդյունավետ օգտագործելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկարաժամկետ ձևաչափով դիզելային վառելիքի և հեղուկ գազի մատակարարման հնարավորություններին։

Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գործակցության ընդլայնումը մի քանի հիմնական ուղղություններով՝ առևտրի և հայկական արտահանման ընդլայնում, համատեղ արտադրություններ և ներդրումներ, էներգետիկ ու լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում