Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը
1 րոպեի ընթերցում

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղը մոտավորապես 200 միլիարդ նեպալական ռուփիի (1,3 միլիարդ դոլար) վնաս է պատճառել երկրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նեպալի ենթակառուցվածքների նախարար Սունիլ Լամսալը։
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմում է շուրջ 200 միլիարդ ռուփի»,- ասել է նախարարը և հավելել, որ ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել ճանապարհներին և կամուրջներին։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ անհետ կորել են Լանգտանգ Խոլա հիդրոէլեկտրակայանի 60 աշխատակիցները։ Կայանը ներկայումս կառուցման փուլում է։
Այսօր առավոտյան Չինաստանից ջրի հսկայական հոսք է լցվել Բհոտե Կոշի գետը՝ լուրջ վնասներ պատճառելով Ռասուվա շրջանին։ Իշխանությունները բարձր աստիճանի զգուշացում են սահմանել գետի հոսանքի ուղղությամբ և ներքևի հատվածում գտնվող բնակավայրերի համար։