Կիրառական արվեստի ցուցահանդես՝ Իջեւանում

13:45, 8 Սեպտեմբեր, 2010

ԻՋԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջեւանի տուրիզմի եւ բիզնեսի տեղեկատվական կենտրոնում այսօր բացվեց կիրառական արվեստի ցուցահանդես, որում ներկայացված են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների եւ ուսանողների աշխատանքները: Մոտ մեկ ամիս այստեղ ցուցադրվելու են գոբելեններ, կարպետներ, հելունագործության, ասեղնագործության նմուշներ, մաքրամե, գեղանկարչական աշխատանքներ, փայտի փորագրություն եւ այլն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի օգնական Արեւիկ Գասպարյանը, նմանատիպ ցուցահանդեսներ մասնաճյուղը կազմակերպում է տարվա մեջ մի քանի անգամ: Վերջին երկու օրերի ընթացքում սա երրորդ ցուցահանդեսն է: Առաջին երկուսը անցկացվել է Երեւանում է` Հայաստանի նկարիչների միությունում եւ «Նյու Արտ» արվեստի կենտրոնում: Եւս մեկ հանրապետական ցուցահանդեսի մասնակցելուց հետո մասնաճյուղի հինգ դասախոսներ իրավունք կունենան համալրելու նկարիչների միության անդամների շարքերը:


© 2009 ARMENPRESS.am