Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի` Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը նշեց գործունեության 15-ամյակը

17:33, 4 Օգոստոս, 2011

ԳՅՈւՄՐԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻՊ) հայկական կենտրոնի' Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը նշեց գործունեության 15-ամյակը: Կազմակերպության անցած ուղին գնահատելու եւ առաջիկա անելիքները վեր հանելու նպատակով հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին Ա. Դ. Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը, կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը, Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, այդ կազմակերպություններից շատերն իրենց «ծննունդով» պարտական են կենտրոնի' Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղին: Գործունեության առաջին իսկ օրվանից մասնաճյուղն իր հիմնական' իրավապաշտպան, լուսավորչական, օրինաստեղծ, մոնիթորինգային եւ ծրագրային գործունեությունից բացի, զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ:

«Ստեղծվելով որպես իրավապաշտպան կազմակերպություն' մենք շատ նորմալ էվոլյուցիա ապրեցինք եւ դարձանք քաղաքացիական հասարակության հզորացմանը նպաստող կառույց: Մենք դարձանք այն դպրոցը, որով կարող են այլ հասարակական կազմակերպություններ, նախաձեռնող եւ համայնքային խմբեր, պարզապես անհատներ, ուսուցման շնորհիվ, հզորանալ եւ շատ ակտիվ գործունեություն ծավալել ամենատարբեր ոլորտներում»,- նշեց Ս. Մարտիրոսյանը: Խոսելով իրենց գլխավոր' իրավապաշտպան գործունեության մասին, Ս. Մարտիրոսյանը նշեց, որ կառույցին հիմնականում դիմում են սոցիալական խնդիրներով' աշխատանքային, բնակարանային, կենսաթոշակի եւ այլն: «Ամենաշատը խախտվում են մարդկանց այն իրավունքները, որոնք հիմնախնդիր են Գյումրիում' բնակարան, աշխատանք: Բնակարանի դեպքում անօթեւանության խնդիրն է, իսկ աշխատանքայինը' մենք համառորեն չենք ուզում հասկանալ, որ աշխատանքային օրենսդրությունը բոլորի համար է, այդ թվում' նաեւ անհատի եւ անհատ ձեռնարկատիրոջ»,- ավելացրեց մասնաճյուղի ղեկավարը:


© 2009 ARMENPRESS.am