Հայաստան

Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով մասնակիցներին, Փաշինյանը շնորհավորել է նրանց մարզային նախընտրական փուլը հաղթահարելու և եզրափակիչ փուլին մասնակցելու առիթով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում նպաստում է հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը։

Մրցաշարի նպատակն է խթանել աշակերտների շրջանում հեծանվային սպորտի և ակտիվ կենսակերպի տարածումը։ Սեպտեմբերի 11-12-ը նախատեսվող մրցաշարի եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։ Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և հանդիպում խարույկի շուրջ, իսկ սեպտեմբերի 12-ին կկայանա եզրափակիչ հեծանվավազքը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին։

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողների շրջանում։ Եզրափակչի ուղեգիր են նվաճել մարզային և Երևանի քաղաքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցների թիմերը։ Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգա 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։ Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում